Վերջապես ձյան տեսքով ձմեռը հասավ նաև Երևան և սրանով արդեն առաջիկայում կմեկնարկի գծատերերի «բողոքի նոր ալիքը»: Ներկայումս, դժվար թե որևէ մեկի մոտ կասկած հարուցի այն, որ այսպես կոչված մի խումբ գծատերեր, որոնք ասուլիսներ են տալիս, սրտաճմլիկ տոնով բացատրում, որ իրենք արդեն 5-6 տարի է վնասով են աշխատում և արդեն չեն կարող այսպես շարունակել, ուղղակիորեն ուղղորդված են քաղաքապետարանի և համապատասխան մարմինների կողմից: Երևանում տեղացած առատ ձյունն ու ճանապարհների մերկասառույցը բոլոր հիմքերը տալիս են ենթադրելու, որ մեր գծատերերը խոսքից կանցնեն բուն գործին, որպեսզի ցույց տան, որ իրենք չեն կարողանում աշխատել: Հիշեցնենք, որ օրեր առաջ սույն անձինք նշում էին, թե փոխադրամիջոցների առկա վիճակում շահագործումը հղի է քաղաքացիների կյանքին սպառնացող վտանգներով: Հաշվի առնելով այս` առաջիկայում ականտես կլինենք մի շարք զարգացումների: Նախ, բոլոր այն քաղաքացիները, ովքեր այսօր առավոտյան երթուղայինով են աշխատանքի գնացել, առավոտ վաղ արդեն նկատած կլինեն, որ նախորդ օրերի համեմատ երթուղայինների քանակը խիստ նվազել էր: Սա նշանակում է, որ մեքենաների մի մասը պարզապես աշխատանքի դուրս չի եկել: Ամենայն հավանականությամբ, ամբողջ դեկտեմբերի ընթացքում նրանց թիվը շարունակելու է նվազել` անհնարին դարձնելով մայրաքաղաքի բնականոն կյանքը: Սա այն երևույթն է, որի դեմ ի սկզբանե հարկավոր է միջոցներ ձեռնարկել, քանի որ հակառակ պարագայում արդեն հունվարի սկզբի տոնական մթնոլորտում հնարավոր է գծատերերի պատվիրված «գործադուլ», որը նպատակ կունենա «արդարացնել» ուղեվարձի թանկացումը: Նկատի ունենալով քաղաքային և ընդհանրապես հայաստանյան իշխանությունների բարոյական նկարագիրը, անգամ կարելի է հավատալ, որ նախաձեռնվեն թեթև ճանապարհատրանսպորտային պատահարներ, որպեսզի ցույց տրվի, ֆինանսական սղության պատճառով մեքենաները պատրաստ չեն ձմեռային պայմաններին: Սա իհարկե կարող է թվալ չափազանցություն և նախագահի խոսքերով ասած «գաղջ մթնոլորտի» ստեղծում, սակայն մյուս կողմից, եթե կառավարությունը կարող է երկու տարի շարունակ խաբել հանրությանը գազի գնի հարցում, ապա ինչու չի կարող դիմել նաև այդպիսի քայլերի: Ցավոք սրտի սա մեր իրականությունն է, որից խուսափել հնարավոր չէ: Հենց նման սցենարի մասին են խոսում նաև մի շարք գծատերերի գրեթե ուղղակի սպառնալիքները`որոնք բարձրաձայնում են քաղաքացիների կյանքին սպառանցող վտանգները: Այնուամենայնիվ, հուսանք, որ հայաստանյան պետական օղակներում դեռևս կան որոշ թվով խոհեմ պաշտոնյաներ, ովքեր կխուսափեն այդօրինակ հակամարդկային ու հակաբարոյական քայլերից, այլապես մենք գործ կունենանք իշխանությունների կողմից սեփական քաղաքացիների դեմ կատարվող կազմակերպված հանցագործության հետ: Իսկ ինչ վերաբերում է այն գծատերերին, որոնք այդքան մտահոգված են քաղաքացիների անվտանգությամբ, ապա երևի ցանկացած նորմալ երկրում վերջիններիս կստիպեին հրաժարվել երթուղու սպասարկումից անսարք մեքենաներով և նոր մրցույթ կհայտարարեին: Բայց…