Երբ սովորում ես ինչ—որ երևույթի, ապա վերջինիս բացակայությունը սկսում էտարակուսանք առաջացնել… Հայ հանդիսատեսը սովոր է Սոֆի Մխեյանինհաճախակի տեսնել փոփոխված կերպարներով ու թարմ տեսահոլովակներով: Վերջին շրջանում նրա պասիվությունը զարմացրեց հայաստանաբնակ երկրպագուներին…
Ինչո՞վ էր պայմանավորված երգչուհու մեկամյա ստեղծագործական դադարը և արդյոք դա դադար էր իրականում՝ Life.panorama.am-ի հետ կիսվեց ինքը՝ Սոֆի Մխեյանը:
— Վաղուց Ձեզանից նորություններ չունենք: Սովորել էինք ձեր ակտիվությանը:
— Այնպես ստացվեց, որ անցյալ տարի Հայաստանում ստեղծագործական առումով լռում էի: Դրսում՝ Սփյուռքում, մոտ 25 երկրներում 4-5 ամսվա մեջ 25-ից ավելի համերգներ եմ ունեցել: Առիթ ստեղծվեց Ռուսաստանում, Եվրոպայում, Միացյալ նահանգներում ներկայացնել այն բազան, որը հավաքվել էր այսքան տարիների ընթացքում: Երգչի կյանքում միշտ էլ մի պահ է գալիս, որ պետք է հանգիստ տալ ստեղծագործող մտքին, որպեսզի նոր մտքեր հասունանան, այլապես կարող ես սպառվել: Չես կարող առանց դադարի, պարբերաբար, նոր հետաքրքիր մի բան անել, իսկ պարզապես հերթական ստեղծագործություն ներկայացնելը իմ տեսակը չի, երբեք հենց այնպես չեմ ստեղծագործում: Նախորդ տարվա դադար թույլ տվեց, որ նոր մտքեր, գաղափարներ ծնվեն, որոնք կիրագործեմ 2014 թվականին: Դա անհրաժեշտ ու օգտավետ դադար էր… Այն կարճ ժամանակը, որ Հայաստանում էի լինում, չէի կարող նոր բան անել… Թեև կան երգեր, որ հասցրել եմ ձայնագրել…
— Իսկ այդ երգերը ե՞րբ կլսենք:
— Հույս ունեմ՝ շուտով: Մի քանիսն արդեն պատրաստ են, ուղղակի դեռ որոշակի աշխատանքներ են տարվում: Հուսով եմ, շուտով այդ երգերը նաև տեսահոլովակների միջոցով կներկայացնեմ…Երևան եմ վերադարձել մի քանի օր առաջ և արդեն սկսել եմ ստեղծագործական աշխատանքներս…
— Փաստորեն Ամանորը Հայաստանում չեք անցկացրել:
— Ոչ, Լոնդոնում էի: Նախորդ երկու տարիներին Հայաստանում եմ եղել, բայց դրանից առաջ հասցրել եմ նոր տարին դիմավորել թե՛ Միացյալ Նահանգներում, թե՛ Պարսկաստանում: Սակայն տանից բացակայելը ոչինչ չի փոխում, որտեղ էլ լինեմ, այստեղի ժամանակով 00:00-ին, թեկուզ հեռախոսով՝ իմ հարազատների հետ եմ նշում Ամանորը…
— Իսկ ընդհանրապես տոներն ինչպե՞ս եք սիրում անցկացնել:
— Եթե այդ ընթացքում գործնական առաջարկներ են լինում, որոնք գտնում եմ, որ պետք չէ մերժել, ընդունում եմ և դրանում ոչ մի վատ բան չեմ տեսնում: Իսկ եթե քաղաքում եմ, անպայման առաջինը նշում եմ ընտանիքիս հետ, այնուհետև օրս անցկացնում եմ ընկերներիս շրջապատում…
— Ի դեպ, շատերը Ձեր հաճախակի բացակայությունները կապում են երկրիցհեռանալու ձեր մտադրության հետ:
— Նման բան չկա… Թեև պետք է խոստովանեմ, որ արտերկրում ապրելու և աշխատելու առաջարկներ եղել են ու կան, բայց ես շատ եմ սիրում իմ հայրենիքը, իմ քաղաքը: Որքան հաճախ եմ բացակայում, այնքան մեծանում է վերադառնալու ցանկությունս… Իմ հայաստանյան երկրպագուներին խոստանում եմ, որ այս տարի ավելի ակտիվ և հետաքրքիր կլինեմ…
—Մենահամերգի մասին չե՞ք մտածում:
— Միշտ եմ մտածում, բայց այնպես է ստացվում, որ կամ ժամանակ չի լինում, կամ տեխնիկական ինչ-ինչ խնդիրներ են լինում: Երբ որոշում եմ, խանգարող մի հանգամանք հայտնվում է… Այդ ուղղությամբ աշխատում եմ և ավելի լավ է այդ մասին խոսեմ, երբ որոշակիություն լինի…
— Հանդիսատեսը սովոր է ձեզ հաճախակի նոր կերպարներում տեսնել: 2014-ինկտեսնե՞նք նոր Սոֆի Մխեյան:
— Շատ ճիշտ նշեցիք, որ հանդիսատեսը ինձանից չի սպասում հերթական ինչ-որ մի բան, այլ նորություն է ակնկալում: Այո, ես ամեն անգամ փոփոխվել եմ թե՛ կերպարներով, թե ռիթմով, և դա գնահատվել է, ինչը շատ կարևոր ու թանկ է ինձ համար: Եթե ես շոու-բիզնեսում եմ, քայլում եմ 21-րդ դարին հավասար, ապա պետք է միշտ էլ հետաքրքիր լինեմ…
— Իսկ զուգերգերի սպասե՞նք:
— Ունեցել եմ դուետների առաջարկներ, նաև ինքս եմ մտածել որոշ զուգերգերի մասին: Բայց պետք է հասկանամ՝ ուզո՞ւմ եմ այս կամ այն մարդու հետ երգել և արդյոք այդ աշխատանքը կտա ինչ-որ արդյունք…Միակողմանի շահավետության կամ ուղղակի ցանկության համար դուետ կազմել՝ ճիշտ չէ: Ես ամեն մի քայլս երկար եմ կշռադատում: Այսքան տարիների ընթացքում միայն երկու զուգերգ եմ ունեցել…
— Ո՞ւմ հետ կցանկանայիք հանդես գալ:
— Շատերը կան… Եթե Հայաստանի մասին է խոսքը, իմ շատ լավ ընկերների, կոլեգաների հետ բազմաթիվ անգամներ խոսել ենք այդ մասին… Իսկ դրսի արտիստների մեջ շատերը կան, որոնց հետ հետաքրքիր կլինի համագործակցել… Տեսնենք…
— Ձեր ոլորտի մարդկանց հաճախ են առաջարկում հանդես գալհեռուստահաղորդավարի, ինչո՞ւ ոչ, նույնիսկ դերասանի կարգավիճակում… Նմանառաջարկներ չե՞ք ունենում…
— Բազմաթիվ առաջարկներ եմ ունենում, բայց ես միշտ ճամպրուկային տրամադրության մեջ եմ…Առաջարկներ եմ ունեցել նույնիսկ սերիալներից, կինոներից… Եղել են բացառիկ դեպքեր, որ չեմ մերժել… Բայց նման առաջարկները իմ կողմից մեծամասամբ մերժվում են, որովհետև գտնում եմ, որ յուրաքանչյուր մարդ պետք է լիարժեք ներկայանա իր ոլորտում: Նաև ասեմ՝ ես միշտ զբաղված եմ, ինչի պատճառով չեմ կարող այլ բաներով զբաղվել… Չեմ ասում՝ երբեք չեմ անի, քանի որ չգիտես՝ վաղը ի՞նչ կարող է լինել: Բայց հիմա իմ ողջ ուշադրությունն իմ աշխատանքի վրա եմ բևեռել…
— Որքան զգացվում է՝ շփվող, հումորով ու անկեղծ անձնավորություն եք… Ընկերներիմեջ նույնպե՞ս այդ գծերն եք կարևորում:
— Անկեղծությունն ու հումորի զգացողությունը այն երկու կարևոր հանգամանքներն են, որոնք շատ արագ ինձ կարող են ընկերացել որևէ մեկի հետ: Ուրախ եմ, որ նման կարծիք ձևավորեցի: Հաճախ է լինում, որ ինձ հետ շփվելուց հետո մարդիկ զարմանում են՝ ասելով, որ էկրանից ավելի փակ տպավորություն եմ թողնում: Ասեմ, որ դիմացինս հումորի զգացողություն չունենա, դա ինձ հետ ընկերանալու շատ լուրջ խոչընդոտ կլինի…Շփման մեջ պետք է մաքսիմալ անկեղծ լինել: Ես աշխույժ տեսակի մարդկանց եմ պատկանում, որը, կարծում եմ, էկրանից էլ ակնհայտ երևում է…
— Շատերին է հետաքրքրում՝ Սոֆի Մխեյանը ընտրյալ ունի՞:
— Երբ լինի ընտրյալ, որին գտնեմ, որ ժամանակն է ներկայացնել հանրությանը, այդ մասին անպայման կասեմ…Անձնականը այն միակ տեղն է, որտեղ երբեք թույլ չեմ տալիս ներխուժել… Այն իմն է… Այնպես չի, որ մեր փոքրիկ քաղաքում կարող ես գաղտնիքներ ունենալ, բայց եթե լինի հաստատուն որոշում, ես անպայման կտեղեկացնեմ…
— Հաճա՞խ եք ձեր մասին բամբասանքներ լսում: Վերջինը կմտաբերե՞ք:
— …Հենց այն, որ Հայաստանից ընդմիշտ մեկնում եմ… Իսկ ընդհանրապես, խոսակցություններ լինում են յուրաքանչյուր առիթով: Մարդիկ սիրում են խոսել, հայտնի մարդկանց մասին՝ էլ ավելի շատ…Յուրաքանչյուր լուսանկարից կամ արտահայտությունից ֆանտաստիկ բաներ են հորինում, լեգենդներ հյուսում… Բայց ես վաղուց դրանց ուշադրություն չեմ դարձնում և միշտ ասում եմ՝ մինչ մարդիկ հասցնում են բամբասել, ես այդ ընթացքում գործում եմ…
— Սոֆի, ձեր կոլեգաներից շատերը սկսել են բավական ակտիվ արտահայտվելհասարակական խնդիրների վերաբերյալ: Դուք ևս մասնակցո՞ւմ եք այդակտիվությանը:
— Կան ակցիաներ, միջոցառումներ, որոնց մեջ ներդրում ունենում եմ, մասնակցում եմ, կարծիք հայտնում, բայց դրանց մասին բարձրաձայնել չեմ սիրում: Այսօր շատ-շատ ակցիաներ կան, որոնց մասին անընդհատ բարձրաձայնում են… Տպավորություն է՝ PR են անում… Նման բաներ չեմ սիրում… Չեմ բարձրաձայնում, բայց անում եմ ամեն ինչ, որպեսզի հոգիս լինի հանգիստ, խաղաղ, և ինձ զգամ բավարարված, որ ինչ-որ ձևով կարողացել եմ մարդկանց օգտակար լինել…