Սուքիասյանների ընտանիքը ոչ մի առնչություն չունի «Հայինկասացիա» ՓԲԸ-ի լուծարման գործընթացի հետ:
Այս մասին AraratNews.am-ի հետ զրույցում ասաց Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը:
«Վերջին շրջանում Սուքիասյանները հայտնի քաղաքական շրջանակների կողմից թիրախավորված են, թե ինչո՞ւ՝ հայտնի է բոլորին: Սկզբում կեղծ լուրեր են տարածում, թե Սուքիասյանները գնում են այսինչ կորպորացիան, հետո կատարում են այս գործարքը, հետո՝ մեկ այն: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Սուքիասյանները գործարարներ են և կարող են իրականացնել գործունեություն՝ օրենքով սահմանված կարգով բոլոր այն ոլորտներում, որտեղ օրենքը չի արգելում: Այս կերպ ցանկանում են հասարակության մեջ բացասական ֆոն ստեղծել Սուքիասյանների ընտանիքի հանդեպ, որը, այս պահի դրությամբ, իրենց չի հաջողվում»,- ասաց Աննա Մկրտչյանը՝ հավելելով. «Դնում են Խաչատուր Սուքիասյանի նկարը, մի ճռճռան վերնագիր, տարածում համացանցում, ու երբ հերքում ենք, ասում, որ՝ սուտ է, մեկ է, իրենք իրենց ստերը տարածել վերջացրել են»:
Աննա Մկրտչյանը նշեց, որ սա առաջին դեպքը չէ, երբ Սուքիասյանների մասին սուտ և կեղծ լուրեր են տարածում. «Մենք էլ գիտենք սուտ լուրեր տարածողների մասին և գիտենք, թե ովքեր են դրանց տերերը: Հասարակության լայն շերտերն էլ գիտեն, թե ովքեր են դրանց տերերը»: