Թեեւ առողջապահության նախարարությունը հորդորում է խուճապի չմատնվել, քանի որ սուր շնչառական հիվանդության համաճարակ չկա, սակայն դպրոցներում բացակա աշակերտների թիվը քիչ չէ:
Araratnews.am-ը մի քանի դպրոցից հետաքրքրվեց՝ որքան է աշակերտների բացակայության թիվը:
Ջոն Կիրակոսյանի անվան 20 դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանն ասաց՝ 756 աշակերտից 123-ը բացակա է նախորդ ուրբաթ օրվա 115-ի փոխարեն: «123 աշակերտից հիվանդ է մոտավորապես 50-ը: Բացակայության պատճառն էլ ծնողների՝ երեխայի վարակվելու վախն է դպրոցում»,- մանրամասնեց տնօրենը:
Նա հավաստիացրեց՝ եթե աշակերտն ունի սուր շնչառական հիվանդության աննշան ախտանշան, ապա տուն են ուղարկում անմիջապես: Բացի այդ՝ բուժքույրը պարբերաբար լինում է դասարաններում, ստուգում աշակերտների վիճակը: «Մենք համոզում ենք ծնողներին այդքան չվախենալ, որովհետեւ դպրոցում տաք է: Բայց ծնողների անհանգստությունն էլ ենք հասկանում»,- ասաց տիկին Խոսրովյանը:
Արդյոք անհրաժեշտ է որոշ ժամանակով դպրոցները փակել: Անահիտ Խոսրովյանը բացասական պատասխանեց. «Ոչ: Նորմալ գալիս են դասի: Երկրորդ՝ ամեն ձմեռ էլ գրիպ կա: Ուղղակի կորոնավիրուսի տեղեկությունը մի փոքր վախեցրել է ծնողներին: Դպրոցում բացակայողների թիվը 10-12 տոկոսն է: Դպրոցների փակվելու պատճառով պետք է 80-90 տոկոսը տուժե՞ն»:
Նիկոլայ Գոգոլի անվան 35 դպրոցում էլ 1150 աշակերտից այսօր բացակայել է 435-ը: Դպրոցի բուժքույր Նաիրա Հովհաննիսյանը մեզ ասաց՝ 435-ից հիվանդ է 87 աշակերտ, սակայն բացակայության այս թիվը ներառում է նաև նախորդ շաբաթվա բացակաները:
Բացի երեխաներից՝ Գոգոլի անվան դպրոցի մի քանի ուսուցիչ եւս հիվանդ է: Բուժքույրը կարծում է՝ վարակներից խուսափելու համար ցանկալի կլիներ, եթե կարճ ժամանակով փակեին դպրոցները: «Ծնողներն էլ պետք է հետեւեն երեխայի առողջությանը: Այսօր 4-5 աշակերտի տուն ենք ուղարկել, քանի որ հազում էին: Ծնողն ասել է՝ գնա դպրոց, կանցնի, եթե ոչ՝ բուժքույրը հետ կուղարկի»,- տեղեկացրեց տիկին Հովհաննիսյանը:
Զանգահարեցինք նաև Արմավիրի մարզի 4-րդ ավագ դպրոցի բուժքույր Նարինե Բարսեղյանին՝ բացակաների թիվն իմանալու: «220 աշակերտից բացակայել է 45-ը: 45-ից հիվանդ է միայն 3-ը: Ծնողները մտավախություն ունեն, որ երեխաները կվարակվեն, այդ պատճառով էլ դասի չեն ուղարկում»,- ասաց բուժքույրը:
Տիկին Բարսեղյանը կարծում է՝ հաջորդ շաբաթ երեւի թե բացականեր չեն լինի:
Որպես բուժքույր՝ Նարինե Բարսեղյանը կարծում է՝ լավ կլինի, եթե մեկ շաբաթ դպրոցները փակեն, մինչեւ սուր շնչառական հիվանդությունների թեժ պահն անցնի:
Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղի դպրոցի տնօրեն Մարգուշ Կարապետյանն էլ ասաց՝ 309 աշակերտից բացակայել է 33-ը: «Հիվանդ է 12-ը: Այսօր առավոտյան բուք էր: Երեխաներն անգամ տներից չէին կարողանում դպրոց գալ, բայց հետո բուքը հանդարտվեց»,- մանրամասնեց դպրոցի տնօրենը:
Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանից էլ Araratnews.am-ը տեղեկացավ, որ այսօր աշակերտների բացակայությունը 15 տոկոս է նախորդ շաբաթվա 10 տոկոսի փոխարեն:
Աննա Ստեփանյանի խոսքով՝ աշակերտների դպրոց չգալու պատճառը հիվանդ լինելը չէ: Պարզապես ծնողները վախենում են՝ երեխաները դպրոցում կվարակվեն եւ ցուրտ եղանակի պատճառով կմրսեն:
Հանրակրթության վարչության պետի խոսքով՝ «Կենտրոն» վարչական շրջանի դպրոցներում են ամենից շատ բացակայել: Մասնավորապես՝ թիվ 8 եւ թիվ 19 դպրոցների մասին է խոսքը:
Քաղաքապետարանի պաշտոնյայի տեղեկացմամբ՝ բացակա աշակերտների մեծ մասը սուր շնչառական հիվանդություններով է վարակվել, բայց կան նաև ջրծաղիկով հիվանդ աշակերտներ: «Սակայն ամեն տարի այս սեզոնին բացականեր շատ են լինում: Պարզապես այս տարի կորոնավիրուսի տենդենցն ու դրանից վարակվելու վախ կա»,- հավաստիացրեց տիկին Ստեփանյանը:
Արդյոք չկա համաճարակի վտանգ, չպե՞տք է փակել դպրոցները: Տիկին Ստեփանյանը դժվարացավ հիմա ասել. «Առողջապահության վարչության հետ քննարկում էինք, դուրս էինք գրում, թե քանի հիվանդ չի գալիս դպրոց: Եթե զգանք, որ վտանգ կա, կդիմեմ ԿԳՄՍ նախարարին: Ինչու եմ ասում՝ հիմա չեմ կարող վերոնշյալ հարցերին պատասխանել, քանի որ մյուս վարչական շրջաններում բացակաների թիվը քիչ է»:
Սոնա Դավթյան