Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի շրջանակներում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում այսօր՝ ժամը 22:00-ին, կմեկնարկի սուրբ նահատակների հիշատակին նվիրված գեղարվեստական ծրագիր, որը կտևի մինչև ապրիլի 25-ը՝ ժ. 06:00-ն:
Ծրագիրը կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով։
Հանդես կգան հանրապետության լավագույն մենակատարները՝ Նարեկ Հախնազարյանը, Լիանա Ալեքսանյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Հայկ Մելիքյանը, Վահագն Հայրապետյանը և այլք: Ելնելով արտակարգ դրության թելադրած պայմաններից՝ հանրապետության երաժշտական կազմակերպությունները կներկայանան փոքր խմբերով։
Համերգային երեկոյին կմասնակցեն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ, Հայաստանի պետական սիմֆոնիկ, Հայաստանի պետական կամերային նվագախմբերի գործիքային անսամբլները, Երևանի Ա․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչները, Հայաստանի պետական կամերային, Երևանի պետական կամերային, «Հովեր» պետական կամերային երգչախմբերի վոկալ անսամբլներն ու մենակատարները։
Երաժշտական ոգեկոչման այս բացառիկ իրադարձությունը արտակարգ իրավիճակում հայ արվեստագետների խնկարկումն ու խոնարհումն է՝ «Հարգելով հիշատակը՝ հարգենք կյանքը» նշանաբանի ներքո։