Հայկական մամուլը քննարկում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները Արցախի խնդրի փուլային կարգավորման, գազի գնի իջեցման Հայաստանի պահանջի եւ հայ-ռուսական համատեղ ձեռնարկություններում հարուցված քրեական գործերի մասին: Ինչո՞ւ է ակտիվացել Ռուսաստանը, քաղաքական ինչ ենթատեքստ կա ԱԳ նախարարի այս հայտարարություններում, Araratnews.am-ը զրուցեց քաղաքագետ, վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանի հետ:
Վերլուծաբանի խոսքով՝ նավթի գների անկումը բավականին տեւական է լինելու, նավթային բռնապետությունները դժվար կացության մեջ են, ուրվագծվում է նրանց ճակատագրական ելքը: «Ռուսաստանը մտահոգված է մի կարևոր խնդրով՝ հետխորհրդային երկրների մի մասին համարում է դաշնակից, մի մասի հետ ունի բացահայտ կոնֆլիկտ: Ռուսաստանը կորցնում է իր նշանակությունը, ցանկանում է նորից ցույց տալ իր դերն ու նշանակությունը Բելառուսում, Հայաստանում: Ռուսաստանը ապրիլի 13-ին թեկուզ աննշան թանկացրել է գազը Ղրղզստանում»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:
Քաղաքագետը որակեց սուտ Լավրովի հայտարարությունները Արցախի խնդրի մասին, թե իբր քննարկվում է փուլային տարբերակը, որին պատասխանել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: «Լավրովն իրեն պահում է սովետական միության թաղային միլիցիա, որը կեղտ բռնելով է զբաղված քաղաքացու վրա»,- այսպես է բնութագրում նրան քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:
ՌԴ ԱԳ նախարարը գազի գնի իջեցման՝ Հայաստանի պահանջին ի պատասխան հայտարարել էր՝ տնտեսական դաշտում ռուսական կողմը ակնկալում է, որ դատական գործընթացները, որոնք վերջին տարիներին սկսել են համատեղ ձեռնարկությունների, այդ թվում` Հարավկովկասյան երկաթուղու դեմ, կկարգավորվեն` «առանց փորձելու մեջտեղ բերել ինչ-որ բաներ, որոնք հարիր չեն դաշնակիցների միջև հարաբերություններին: Լավրովի այս հայտարարությունը Ռուբեն Մեհրաբյանը ցինիզմ համարեց, ապա հիշեցրեց՝ ինչ հոդվածով են քննվում այդ գործերը՝ գողություն, հարկերից խուսափել: «ՀՀ շահերը տուժել են, իսկ պարոն Լավրովը պատմում է իր տատիկի հեքիաթները, կարծելով, թե Հայաստանը իր երկիրն է»,- ասաց պարոն Մեհրաբյանը:
Քաղաքագետը հորդորում է ՌԴ ԱԳ նախարարին հիշել Հայաստանում ծանր հանցագործությունների համար մեղադրվող հայ պաշտոնյաներին, որոնց ՌԴ իրավապահները հրաժարվում են տալ Հայաստանին: «Ռուսաստանը դարձել է հայկական կրիմինալի տանիք: Ուստի, զարմանալ պետք չէ, որ ռուսական ընկերությունները Հայաստանում զբաղված են կրիմինալով, բայց թող չկարծեն՝ կմնան անպատիժ: Ինչ վերաբերում է գազի գնի՝ Լավրովի բացատրությանը, ծիծաղելի է»,- վստահեցնում է քաղաքագետը:
Մեր զրուցակիցը վստահ է՝ Ռուսաստանը «շատ խելոք գինը իջեցնելու է, համապատասխանեցնելու է միջազգային գնին, իսկ եթե ոչ, ապա «Հայաստանը դրամատիկ քայլեր պետք է անի այս տրագիկոմեդիան ավարտելու համար: «Հայաստանը պետք է բացատրի Ռուսաստանին՝ գազի ոլորտում Ռուսաստանի նման վարքը կհանգեցնի պայմանագրերի խզման: Իսկ եթե Ռուսաստանը ստախոսությամբ է զբաղվելու Արցախի խնդրի հետ կապված, դա կհանգեցնի վստահության ճգնաժամի»,- ավարտեց իր խոսքը քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Սոնա Դավթյան