Դերասանուհի Ռոզի Ավետիսովան, ով նկարահանվել է «Փեսացուն կրկեսից» ֆիլմում, ինչպես նաև մարմնավորել մի շարք սերիալային կերպարներ ու խաղացել «Կյանքի կարուսել» նախագծում, վերջերս հեռուստատեսությամբ չի երևում: Araratnews.am-ը դերասանուհու հետ զրուցել է նրա ստեղծագործական ներկա գործունեության, առաջիկա ծրագրերի, ինչպես նաև Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի մասին:
—Նկարահանվում էիք «Կյանքի կարուսել» նախագծում, նկարահանումները կարծես թե դադարեցվել են, ինչո՞ւ, կվերսկսվե՞ն:
-Այո´, դադարեցվել են: Անկեղծ ասած չգիտեմ` պատճառն ինչն է: Մեզ` դերասաններիս ոչինչ չեն ասել. գուցե վերսկսվի, գուցե` ոչ:
-Իսկ ինչո՞վ եք այժմ զբաղված, նկատի ունեմ` մասնագիտական զբաղվածությունը, նորություններ սպասվո՞ւմ են:
-Զբաղված եմ թատրոնում. վերականգնում ենք մեր դիպլոմային ներկայացումը` որպես առանձին ներկայացում, բեմադրում է Վահե Շահվերդյանը: Այժմ ընթանում են փորձերը, իսկ ամռան ընթացքում կլինի պրեմիերան:
-Մեր հասարակական—քաղաքական կյանքում կա՞ մի խնդիր, որ Ձեզ շատ է հուզում, մտահոգում:
-Մեզ մոտ խնդիրները շատ-շատ են, բայց ամենամեծ խնդիրը, որն այսօր կա` օրվա հացի խնդիրն է: Մարդիկ պետք է կարողանան նորմալ ապրել, հացի գումար վաստակել. դա է խթան հանդիսանում, որ մարդը ընտանիք կազմի, երեխաներ ունենա, ազգն էլ բազմանա, իսկ նման սոցիալական պայմաններում ոչ ոք չի կարող մտածել ընտանիք կազմելու մասին: Ամենացավոտ խնդիրներից մեկն էլ արտագաղթն է։ Մենք ամեն օր լսում ենք` ինչ-որ մեկի բարեկամը, ծանոթը, ընկերը գնում է Հայաստանից: Շատ տխուր է պատկերը, բայց ես երբեք ինչ-որ մեկին չեմ մեղադրի. յուրաքանչյուր մարդ ցանկանում է նորմալ պայմաններում ապրել: Ամեն րոպե լսում ես, որ մարդիկ իրար ասում են` պետք է գնալ այստեղից:
-Իսկ հայրենսիրությունն ո՞ւր մնաց:
-Ըստ իս` երկրից հեռանալը հայրենասիրության հետ կապ չունի: Իհարկե, շատ վատ է, որ մարդիկ իրար այդպիսի խորհուրդներ են տալիս, դա նշանակում է` ամեն ինչ փակուղում է, ծայրահեղ վիճակում, իսկ հեռանալու պատճառը օտարամոլությունը չէ:
Շողիկ Գալստյան