Տարեցների կյանքի որակը բարելավելու, նրանց առաջ նոր հեռանկարներ բացելու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նոր ռազմավարություն է մշակել, որը մեծահասակներին հնարավորություն կտա ծերությունն անցկացնել արժանավայել միջավայրում:
Այս մասին Տարեցների միջազգային օրվան ընդառաջ` սեպտեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը:
Նրա խոսքով` «Տարեցներին մատուցվող խնամքի ծառայությունների, ապա ինստիտուցիոնալացման և այլընտրանքային համայնքային ծառայությունների ներդրման և զարգացման» ռազմավարությունը, որի մշակումը շուտով կավարտվի, նախատեսված է իրականացնել 2020-2024 թվականներին:
«Մեր բնակչության 14 տոկոսը` 420 հազար մարդ, 63-ն անց է: Այս պահին մենք տրամադրում ենք շուրջօրյա խնամքի ծառայություն տուն-ինտերնատներում, որտեղ 1210 շահառու կա: Նրանց շուրջօրյա խնամքի համար տրամադրում ենք 2 մլրդ 148 մլն դրամ: Գումարներ ենք հատկացնում նաև 4900 տարեցի տնային խնամքի համար: Այս տարի առաջ ենք քաշել տարեց-երիտասարդ խնամակալ ընտանիքի գաղափարը, որն այսուհետ իրականացվելու է իրավական հիմունքներով: Սոցիալական բնակարաններում միայնակ տարեցների կոմունալ վճարները փոխհատուցելու է պետությունը»,- շեշտեց Գասպարյանը:
Նա ընդգծեց, որ շրջանառվում է բնակության մշտական վայր չունեցող տարեցների բնակվարձի փոխհատուցման ծրագիրը: «Մեր երկրում շուրջ 40 հազար տարեց այս պահին աշխատում է: Նրանցից ոմանք չունեն մշտական բնակության վայր. որպեսզի այդ մարդկանց ակտիվ կյանքը երկարի, և նրանք ստիպված չլինեն տուն-ինտերնատներ տեղափոխվել, մենք ապահովում ենք բնակության վարձը` հնարավորություն տալով չառանձնանալ համայնքից»,- ասաց փոխնախարարը:
Գասպարյանը կարևորեց նաև տարեցների համար փոքր ընտանիքների գաղափարը, երբ 6-10 հոգու համար բակերով տներ են կառուցվում, որտեղ տարեցները կարող են իրենց զգալ ընտանիքում և օգտակար լինել միջավայրին: