տուն Լուրեր Սոցապ նախարարութան պատասխանը կենսաթոշակային նոր համակարգի վերաբերյալ

Սոցապ նախարարութան պատասխանը կենսաթոշակային նոր համակարգի վերաբերյալ

138
0

imgresՄ. Թանդիլյանին և մյուսներին, Սինոփսիս Արմենիա ՓԲԸ

 

ՀՀ կառավարության աշխատակազմից 05.12.2013թ. թիվ 02/21.5/18660-13 գրության ստացված նամակի կապակցությամբ հայտնում եմ, որ կենսաթոշակային բարեփոխումները պայմանավորված են մի շարք գործոններով, որոնք ներկայացված (վերլուծված) են ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1487-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կենսաթոշակայի բարեփոխումների ծրագրում:

 

Այդ գործոնների շարքում հարկ է առանձնացնել ժողովրդագրական իրավիճակի զարգացման միտումները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սերունդների համերաշխության սկզբունքով գործող բաշխողական (պետական) կենսաթոշակային համակարգը (ինչպիսին գործում է ՀՀ-ում) խիստ զգայուն է ժողովրդագրական իրավիճակի զարգացման միտումների (ծնելիության նվազում, կյանքի միջին տևողության աճ և այլն) նկատմամբ:

 

Մասնավորապես, ձևավորվում է մի իրավիճակ, երբ բնակչության ընդհանուր թվի մեջ կենսաթոշակ ստացողների տեսակարար կշիռն աճում է, իսկ աշխատանքային տարիքի անձանց տեսակարար կշիռը՝ նվազում, այլ կերպ ասած՝ արձանագրվում է «բնակչության ծերացում»:

 

Հարկ է նկատել, որ «բնակչության ծերացումից» ածանցվող խնդիրները ծառացած են նաև աշխարհի շատ պետությունների առջև, այսինքն՝ դրանք շատ ավելի ընդգրկուն են, քան մեր պետության տնտեսական վիճակով պայմանավորված՝ պետական բյուջեից վճարվող կենսաթոշակների ցածր մակարդակին վերաբերող խնդիրը:

 

Խնդիրները լուծելու համար երկրները գնում են տարբեր ճանապարհներով. իրականացնում են կենսաթոշակային համակարգի պարամետրիկ բարեփոխումներ (հարկային բեռի ավելացում, կենսաթոշակային տարիքի բարձրացում, կենսաթոշակային իրավունքների կրճատում) կամ այդ համակարգի արմատական բարեփոխումներ՝ վերանայելով կենսաթոշակային ապահովության համակարգի ֆինանսավորման մեխանիզմները և ներդնելով ինքնաֆինանսավորվող (կուտակային) բաղադրիչ:

 

Ընդ որում, ամենատարբեր փորձագիտական վերլուծությունները ցույց են տալիս, որ պարամետրիկ բարեփոխումները, որպես առկա մարտահրավերներին դիմակայելու միջոցներ, կրում են իրավիճակային բնույթ և չեն ապահովում խնդրի երկարաժամկետ, կայուն լուծում:

 

Ըստ այդմ, հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաև անկախության շրջանում տեղի ունեցած սոցիալ-տնտեսական իրողությունները՝ ակնհայտ է դառնում, որ Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային ապահովության համակարգում արմատական փոփոխություններ իրականացնելն օբյեկտիվ անհրաժեշտություն է:

 

Պարտադիր կուտակային բաղադրիչին մասնակցության տարիքային շեմը և պարտադիր կուտակայի վճարի դրույքաչափը սահմանելիս հաշվի են առնվել կենսաթոշակային բարեփոխումների թիրախային ցուցանիշները:

 

Մասնավորապես, որպես թիրախային ցուցանիշ, սահմանվել է շուրջ 45 տոկոս փոխհատուցման գործակիցը, այսինքն՝ կենսաթոշակի չափը պետք է կազմի աշխատավարձի շուրջ 45 տոկոսը:

 

Կուտակային բաղադրիչի շրջանակներում վերը նշված ցուցանիշը պայմանավորված է հետևյալ գործոններով.

 

1)   անձի կողմից կուտակելու ժամանակահատված,

 

2)   կուտակվող միջոցների չափ:

 

Իրականացված հաշվարկներ ցույց են տվել, որ նվազագույնը 20-25 տարվա ընթացքում աշխատավարձի առնվազն 10 տոկոսը կուտակելու դեպքում է հնարավոր ապահովել վերը նշված ցուցանիշը:

 

Ավելի փոքր չափով կուտակային վճարների դեպքում էապես նվազում է համակարգի արդյունավետությունը, քանի որ կառավարվող ակտիվների փոքր ծավալի դեպքում էապես բարձրանում է դրա կառավարման ծախսերը (բարձր կառավարման վճարներ): Միևնույն ժամանակ, փոքր կուտակումները ուղղակիորեն հանգեցնում են փոքր կենսաթոշակների, ինչը չի լուծում բարեփոխման հիմքում դրված խնդիրը:

 

Միաժամանակ, հարկ է նշել, որ հաշվի առնելով 2014 թվականի հունվարի 1-ից պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրման արդյունքում կուտակային վճարների չափով տնօրինվող աշխատավարձերի որոշակի նվազումը՝ բազմաթիվ մասնավոր ընկերություններ (օրինակ՝ առևտրային բանկերը) նախատեսել են իրենց աշխատողների աշխատավարձերի բարձրացում՝ մեղմելու համար կուտակային վճարների բացասական հետևանքները տնօրինվող եկամտի վրա:

 

Ձեր ուշադրությունն եմ հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ կենսաթոշակային բարեփոխումներն իրականացվում են կենսաթոշակային տարիքում անձին բավարար կենսամակարդակ ապահովելու նպատակով, ինչը, կարծում ենք, ոչ միայն իրավաչափ նպատակ է, այլև բխում է սոցիալական պետության էությունից:

 

Հարկ է նկատի ունենալ նաև, որ անձին բավարար կենսամակարդակ ապահովելու ուղղությամբ պետության կողմից միջոցներ ձեռնարկելը (այսինքն՝ օրենքով վարքի պարտադիր կանոններ սահմանելը) պետության՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված պարտավորություններից է:

 

Կենսաթոշակային ապահովության վարչության պետ Ա. Գալստյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here