Արդեն տեղեկացրել ենք, որ սպանդանոցների դեմ այսօր մի քանի գյուղացի բողոքի ակցիա էին անում: Նրանք դժգոհում էին, որ կան մարզեր, որտեղ չկա սպանդանոց, անասուն տեղափոխելը դժվար է, մորթի գինը՝ 10.000 դրամ:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն էլ տեղեկացրել էր՝ այսօր՝ ժամը 14:00-ին, տեղի կունենա սպանդանոցների սեփականատերերի հետ հանդիպում:
Araratnews.am-ը զանգահարեց ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանին՝ տեղեկանալու, թե ինչ ընդհանուր հայտարարի եկան բողոքողները, սպանդանոցի սեփանականատերերը ու գյուղացիները: Գեորգի Ավետիսյանն ասաց, որ հանդիպմանը բողոքողներն այդպես էլ չեկան: Ավելին՝ այդ բողոքողները «Գումի» շուկայի աշխատակիցներն են, որոնք սովոր են ձիու կամ հիվանդ անասունի միսը ծախել: «Սպանդանոցների հետ այսօր կնքեցինք համագործակցության հուշագիր, ըստ որի՝ մորթն իրականացվելու է 3-5000 դրամ մանր եղջերավոր կենդանիների ու խոզերի համար, 5-10.000 դրամ՝ խոշոր եղջերավորի համար»,-մանրամասնեց մեր զրուցակիցը:
Դժգոհողներն ասում էին, որ մորթի 10.000 դրամ արժեքը բավական բարձր է, հետևաբար չեն կարողանա մորթի գնից ավելի վաճառեն սուպերմարկետներին: ՍԱՏՄ ղեկավարը այդ հաշվարկը ճիշտ չէ համարում. «Ղասաբներն ու դալալները, որոնք մինչեւ հիմա մորթն իրականացրել են, գյուղացուց հաստատ ավելի շատ գումար են վերցրել ու ավելի շատ գումար են աշխատել: Մսեղիքն էլ առել են իրենց ուզած գնով»:
Դիտարկմանը, թե «ղասաբները» 5000 դրամով են հիմնականում մորթ արել, ՍԱՏՄ ղեկավարը չհամաձայնեց. «5000 դրամով մորթ են արել, մսեղիքն էլ հետն են վերցրել: Կամ 2000 դրամ են վերցրել, ենթամթերքն էլ հետն են վերցրել: Հիմա ենթամթերքը չեն վերցնի, որը 30-40.000 դրամ արժե»:
Սուպերմարկետների տերերը, ըստ քաջատեղյակների, ապրանքը գնում են վաճառքի գնից կես արժեքով, մինչդեռ սպանդանոցների հետ կապված այս հարցերը ծախս են ավելացնում, այսինքն՝ 1500-2000 դրամից ավելի ինքնարժեք է լինում: ՍԱՏՄ ղեկավարը հորդորեց գները ճշտել, ապա հերքեց այն լուրերը, թե գյուղացուց միսը գնում են 1500-2000 դրամով: Նա նաև հիշեցրեց՝ 10.000 դրամ մորթի գինը պետք է դիտարկել 200 կգ անասունի մսի դեպքում: «3000 դրամով գնում են գյուղացուց տավարի միս, 3200 դրամով վաճառում են»,- հակադարձեց պաշտոնյան:
Հիշեցրինք «Կասեցում» շարժման ղեկավար, գործարար Սամսոն Գրիգորյանի գրառումներից մեկը, ըստ որի՝ բոլոր մատակարարները, ի տարբերություն մյուս ապրանք գնողների, Սամվել Ալեքսանյանին ապրանքը մատակարարում են 15 տոկոսով էժան:
«Այդ դեպքում ինչո՞ւ են վաճառում»,- հարցրեց Գեորգի Ավետիսյանը:
«Որովհետեւ տարբերակ չկա»,- պատասխանեցինք ՍԱՏՄ ղեկավարին:
Գեորգի Ավետիսյանը համաձայն չէ այն դիտարկումներին, որ գյուղացիները մսի իրացման խնդիր կունենան, եթե բարձրացված հարցերը չլուծվեն:
Ի՞նչ անի գյուղացին, եթե իր մարզում կամ գյուղում չկա սպանդանոց, ինչպես տեղափոխի: Ըստ պատկան կառույցի՝ անասունը տեղափոխելու խնդիր չկա, եթե չունեն հնարավորություն: Այս դեպքում գնային ի՞նչ համակարգ կա: «Գինը չգիտեմ: Դա մեր հարցը չի»,- ասաց տեսչական մարմնի ղեկավարը:
Ինչպես են սպանդանոցի սեփանակատերերը որոշելու՝ խոշոր եղջերավորը մորթվելու է 5000, թե 6000 դրամով: «Չափորոշիչներ ու գներ դնողը սպանդանոցն է: Մենք կառույցի հետ պայմանավորվել ենք, որ նա 10.000 դրամից ավելի չի վերցնելու»,- ավարտեց իր խոսքը ՍԱՏՄ ղեկավարը: