ԱՄՆ ընկերություններն ավելի քան 330 մլն դոլար են հանգանակել Դեթրոյթին պատկանող արվեստի գործերը փրկելու համար։ Այս մասին հայտնել են ԱՄՆ ավտոմոբիլաշինական մայրաքաղաքի և պարտքատերերի միջնորդները։
Նրանց խոսքերով՝ հանգանակությանը մասնակցել է 130 մասնավոր անձ։ Սակայն սա բավարար չէ ամբողջ հավաքածուն փրկելու համար։ Վան Գոգի, Կլոդ Մոնեի, Անրի Մատիսի աշխատանքները Դեթրոյթում թողնելու համար դեռ անհրաժեշտ է շուրջ 500 մլն դոլար։ Այս մասին մասնավորապես ասել է դաշնային դատավոր Ջերալդ Ռոզենը։
Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերին Դեթրոյթը ճանաչվել էր սնանկ։ Դատարանը որոշում էր կայացրել, որ այն այլևս ի վիճակի չէ վճարել իր պարտքերը։ Այսպիսով, ավտոմոբիլաշինական մայրաքաղաքը դարձել է ԱՄՆ պատմության ընթացքում ամենախոշոր սնանկ քաղաք։