Սյունիքի մարզում սպասվող ցրտահարության մասին մարզպետարանում տեղեկացել են «Հայպետհիդրոմետ» ծառայությունից, հետո էլ արդեն իրենք են համայնքի ղեկավարներին բանավոր ու գրավոր կերպով, նաև հեռուստաընկերությունների միջոցով տեղեկացնում:
Ըստ «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի Սյունիքի մարզի ծառայության կանախատեսումների, հոկտեմբերի 25-ին Սյունիքի մարզի տարածքով կանցնեն սառը հոսանքներ, ինչի հետևանքով հոկտեմբերի 25-ի գիշերը Սյունիքի մարզում գիշերը սպասվում է ջերմաստիճանի կտրուկ անկում (մինչև -10 C) և ցրտահարություն:
Մինչ Սյունքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը պնդում է, որ ցրտահարության համար քիչ բան կա մարզում, սակայն գյուղերում Panorama.am-ի հարցումները հակառակն են ցույց տվել:
«Շատ քիչ խաղող ունենք, դա էլ կհասցնենք մինչև 25-ը հավաքել, բերքը հավաքած է, պտուղը հավաքած է»,-ասաց մարզպետարանի պաշտոնյան՝ ավելացնելով, որ համայնքերին տեղյակ են պահել վտանգի մասին ու հորդորել, որ հասած բերքը հավաքեն: Նրա խոսքով, մինչև ցրտահարությունը մարդիկ կհասցնեն դաշտում մնացած բերքը տուն հասցնել:
Սյունիքի գյուղապետ Սամվել Սարգսյանն ասաց, որ գյուղի բնակիչներին տեղյակ են պահել, բայց համայնքում ցրտահարվելու շատ բան չկա:
«Մեզ մոտ հիմնականում հացահատիկային բույսեր են, խոտհարքեր, բանջարանոցներն ու այգիները շատ քիչ են»,- ասաց Ս. Սարգսյանը:
Իրավիճակն այլ է Նռնաձորում, որտեղ մեծ ու փոքր լուրը լսելուն պես այգի են գնացել` նուռը փրկելու ցրտից:
«Ցրտահարության մասին տեղեկացված ենք, ոչ մի միջոցառում էլ չենք իրականացնելու, ի՞նչ իրականացնենք, բերքը նոր-նոր հասունանում է, էսօր եկել ենք, որ քաղենք: Ի՞նչ պիտի անենք, եթե համատարած ցրտահարություն է, ոչ մի բան էլ չենք կարող անել, միակ փրկությունն էն կլիներ, եթե ոռոգման ջուր լիներ, դնեինք վրեն, էդ ծխահարությունը սուտ բան է»,- ասաց Նռնաձորի գյուղապետ Մկրտիչ Մկրտչյանը և շնորհակալություն հայտնեց լրագրողին` որի հեռախոսազանգի շնորհիվ կարողացավ մի քարի նստել, արագ բերքահավաքից բեզարած ոտ ու ձեռին հանգստություն տալ, մի հատ էլ ծուխ քաշել:
Գյուղի այգիների 99 տոկոսը նռնենիներ են, ոչ ոք էլ դեռ բերքահավաք չի արել:
«Մենակ համայնքի ժողովրդինը 58 հա է, չհաշված արդարատության նախարարությունն էլ ունի` 80 հա»,-ասաց գյուղապետն ու կատակով վրա բերեց. «Բայց էդ ո՞վ է արդար դատել որ»:
Համայնքի ղեկավարն անհնար է համարում 3 օրում ամբողջ բերքը հավաքելը:
«20-30 օր մարդիկ հավաքում են, մինչև նոյեմբերի 15-18-ը բերքահավաք է լինում, ինչի՞ մասին է խոսքը»,-ասաց գյուղապետն ու նկատեց, որ նույն իրավիճակն է կողքի համայնքներում, «մարդկանց կարալյոկն ամբողջությամբ ծառի վրա է, էնա կողքի համայնքում` Ալվանքում, Մեղրիում, Ագարակում, Շվանիձորում»:
Գյուղապետն ասում է՝ նախորդ տարվա համեմատ նռան բերքը լավ է, դեռ լավ չի հասունացել, ճար չունեն, քաղում են: «Թող հըլը մեկը ասի՝ քաղել ենք, ինչի մասին է խոսքը: Մարդկանց բերքն ամբողջությամբ ծառի վրա է, շատ կփչանա»,- ասաց Նռնաձոր համայնքի ղեկավարը:
Շվանիձորի գյուղապետ Հովհաննես Օհանյանը հեռախոսը թողել էր տանը, հարցերին պատասխանեց կինը:
«Թուզը քաղել վերջացրել ենք, նուռը, կարալյոկը, խաղողը, սերկևիլը մնացել են ծառներին: Հիմա քաղում են, մինչև ցրտահարությունը չգիտեմ, կհասցնենք, թե չէ, երկու օր է մնում, դժվար հասցնենք: Մենք որ մեր այգիները դեռ չենք քաղել, վաղը, մյուս օրը կքաղենք, ինչ էլ կմնա, կմնա, Աստծո հույսին ենք թողնում»,- ասաց համայնքապետի կինը:
Աղբյուր` Panorama.am