Ֆրանսիայում սկանդալ է հասունանում ամսագրերից մեկի ռասիստական հրապարակումների պատճառով։ Այս երկրում լույս տեսնող Minute ամսագիրը արդարադատության նախարար Քրիստիան Թոբիրայի նկարը տեղադրել է առաջին էջում՝ ուղեկցելով այն վիրավորական խորագրով՝ «Կապիկի նման խորամանկ Թոբիրան բանան է գտել», որը ֆրանսերենում փոխաբերական իմաստով նշանակում է «լինել լավ մարզավիճակում և լայն ժպտալ»։ Այս մասին հաղորդում է France Info-ն։
Ամսագրի խմբագրությունում ռասիստական մեղադրանքները մերժում են՝ վերնագիրը բնութագրելով որպես բառախաղ։ Սակայն ամսագրի շապիկն իսկական իրարանցում է առաջացրել կառավարական շրջանակներում։ Այն քննության առարկա է դարձել Փարիզի դատախազությունում։ Իսկ վարչապետ Էյրոն ասել է, որ դիմելու է ՆԳ նախարարին ողջ տպաքանակը շրջանառությունից առգրավելու համար։