Նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը Tert.am-ի հետ զրույցում կոչ է արել ձեռնպահ մնալ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի դեմ օդանավակայանում որևէ ակցիա կազմակերպելու մտադրությունից:
«Մենք չենք ընդունում և սխալ ենք համարում ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին օդանավակայնում վանկարկումներով դիմավորելու կամ նրա դեմ որևէ այլ ակցիա կազմակերպելու մասին տարբեր կողմերից հնչող մտադրությունները: Բոլորին կոչ ենք անում ձեռնպահ մնալ ցանկացած նման նախաձեռնությունից»,- ասել է նա:
Հոկտեմբերի 2-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նիստում Զարուհի Փոստանջյանը նախագահ Սերժ Սարգսյանին հարց էր ուղղել, որի շուրջ բավական մեծ աղմուկ էր բարձրացել:
Զարուհի Փոստանջյանը մասնավորապես հարցրել էր. «Ճի՞շտ է, որ եղել եք Եվրոպայի խաղատներից մեկում և 70 միլիոն եվրո տանուլ տվել: Ո՞վ է Ձեզ տվել 70 միլիոն եվրո և ինչի՞ դիմաց», ինչին նախագահը պատասխանել էր. «Ես եվրոպական որևէ խաղատանը երբևէ չեմ եղել, չեմ խաղում և ցավոք սրտի այդքան գումար չունեմ: Եթե ունենայի` կեսը Ձեզ կտայի, որ կյանքից գոնե գոհ լինեիք»:
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` ՀՀԿ երիտթևը մտադիր է Ստրասբուրգից վերադարձող Փոստանջյանին դիմավորել «ձվերով և պոմիդորներով»: