Սլովենիայի կառավարությունը պաշտոնապես հայտարարել է երկրի տարածքում կորոնավիրուսի համաճարակի ավարտի մասին՝ դառնալով կորոնավիրուսը հաղթահարած առաջին երկիրը Եվրոպայում, տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Հայտարարությունն արվել է նրանից հետո, երբ երկու շաբաթ շարունակ 2 մլն բնակչությամբ երկրում ամեն օր գրանցվել է կորոնավիրուսով վարակման 7-ից քիչ դեպք:
«Այսօր Սլովենիան լավագույն համաճարակային պատկերն ունի Եվրոպայում»,-հայտարարել է երկրի վարչապետ Յանեզ Յանշան:
Եվրոպական Միության այլ երկրներից Սլովենիա եկող մարդիկ այլևս պարտավոր չեն լինի նվազագույնը 7 օր կարանտին անցնել, ինչպես արվում էր ապրիլին: Միևնույն ժամանակ կառավարությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի ախտանիշներ ունեցող արտասահմանցիներին առաջվա պես թույլ չի տրվի մուտք գործել երկիր: Նվազագույնը 14-օրյա կարանտինը ուժի մեջ կմնա երկիր մուտք գործող ԵՄ անդամ չհանդիսացող պետությունների քաղաքացիների համար` բացառությամբ դիվանագետների և բեռնափոխադրումներով զբաղվող անձանց: