Արևիկ Ուդումյանը շուտով Հանրայինով նոր ծրագիր կվարի: Արդեն մի քանի շաբաթ է` նա աշխատում է «Մեր մեջ ասած» նախագծի վրա, որի մասին կպատմենք ավելի ուշ. «Մտահղացումն Առաջին ալիքինն է, ինձ հրավիրեցին հանդես գալ որպես հաղորդավար և պրոդյուսեր: Մեծ պատիվ է աշխատել պրոֆեսիոնալ թիմի հետ»:
Հաղորդավարուհու զբաղվածությունը և Սիրուշոյի գրառումը, թե «արդեն բավական ժամանակ է` աշխատում են սիրված մի մարդու հետ», դարձան քննարկումների առիթ, թե երգչուհին և մենեջերն այլևս չեն համագործակցում, բայց ինչպես Արևիկն է հայտնել, այդպես չէ. «Մենք այլևս նույն գրաֆիկով չենք աշխատում, ինչպես առաջ. հասկանալի պատճառներով հիմա անհամեմատ քիչ եմ զբաղվում նրա գործերով»:
Նշենք, որ մենեջերի պաշտոնում քննարկվում էր հաղորդավարուհի Գոհար Գասպարյանի թեկնածությունը. «Գոհարը մեկ տարուց ավելի է` համագործակցում է մեզ հետ` տարբեր նախագծերում ներկայացնելով Սիրուշոյին, բայց իմ տեղը նա չի զբաղեցնի»,- BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Արևիկ Ուդումյանը:
Նրա խոսքով, չգիտի հետագայում կշարունակեն միասին աշխատել, թե` ոչ, բայց ներկայումս համատեղ որոշակի աշխատանքներ իրականացնում են. «Ի սկզբանե մեր համագործակցությունը հիմնված է եղել փոխադարձ հարգանքի վրա և մինչ օրս այդպես էլ շարունակվում է, այսինքն` ցանկացած հարց իրար հետ քննարկում ենք և իրար հասկանում: Սիրուշոն շատ կազմակերպված ու խելացի է և իր կողքին միշտ կունենա այդպիսի մարդիկ: Ես էլ եմ իր կողքին, բայց արդեն ավելի այլ գրաֆիկով»:
Աղբյուրը՝ Սիրանուշ Գրիգորյան (Bravo.am)