տուն Հասարակություն Սիրահարված եմ իմ երկրին եւ նրա պատմությանը. Մերի Սուքիասյանը՝ նորաձևության բիզնեսի մասին

Սիրահարված եմ իմ երկրին եւ նրա պատմությանը. Մերի Սուքիասյանը՝ նորաձևության բիզնեսի մասին

830
0

«Follow Me Friday» հեռուստաշոուի հաղորդավարները նորաձևության ոլորտի մասին զրուցել են «Shabeeg» ապրանքանիշի հիմնադիր Մերի Սուքիասյանի հետ։

Հաղորդավարուհիներ Ջոանի և Պրիյայի հետ ունեցած զրույցում Մերի Սուքիասյանը նշեց, որ նորաձևության ոլորտում կրթություն չի ստացել, բայց փոխարենն ունի MBA-ի աստիճան՝ ֆինանսներ մասնագիտությունից։ Այնուամենայնիվ, «Shabeeg»  ապրանքանիշի հիմնադիրն ունեցել է նորձևության ոլորտի հետ անմիջապես առնչվող ուսուցիչներ և ընկերներ, որոնք օգնել են նրան։

Մերի Սուքիասյանը ցանկանում է նորաձևության միջոցով ամբողջ աշխարհին ներկայացնել սեփական ժողովրդի հարուստ պատմությունն ու մշակույթը։ Հենց այս գաղափարն է խթան հանդիսացել նրա համար, որպեսզի հիմնի «Shabeeg» թեմատիկ շապիկների ապրանքանիշը։

«Այնքան սիրահարված եմ իմ երկրին ու նրա պատմությանը»,- հարցազրույցի ժամանակ ասաց Մերի Սուքիասյանը։

«Մենք ունենք մեծ սփյուռք։ 7 մլն հայ ապրում է Հայաստանի սահմաններից դուրս, 3 մլնը՝ Հայաստանում»,- ընդգծեց Մերի Սուքիասյանը՝ նշելով, որ իր կողմից ներկայացվող շապիկների առաջին հավաքածուի նկատմամբ այնքան մեծ հետաքրքրություն եղավ, մարդկանց այնքան շատ դուր եկավ, ինքը այսպես թե այնպես՝ պետք է շարունակեր իր գործունեությունը։ Մերի Սուքիասյանի կողմից ներկայացված շապիկների առաջին հավաքածուում արտացոլվում էր հայկական ֆաունան։ Առաջին հավաքածուից հետո ոճաբանին խնդրել են, որ հայկական  խորհրդանիշներ ընդգրկող շապիկների նոր հավաքածու թողարկի։

«Shabeeg» ապրանքանիշի հայկական տարազների հավաքածուն արտերկրում տարբեր ցուցադրությունների ժամանակ մեծ ոգևորությամբ է ընդունվել։ Հավաքածուն նաև ցուցադրվել է Նյու Յորքի հեղինակավոր նորաձևության շաբաթի ընթացքում։ Մերի Սուքիասյանը նշեց, որ ԱՄՆ-ում շատ հայեր են բնակվում, որոնց հետաքրքրում է իր ներկայացրած ապրանքանիշը, հենց այդ պատճառով էլ ինքը Լոս Անջելեսում է։

«Shabeeg» ապրանքանիշի հիմնադիրը հաճախակի է ճանապարհորդում՝ Հայաստանում այցելում է տարբեր վայրեր, ինչը նրան օգնում է ոգեշնչվել, նոր թեմաներ գտնել ու առավել խորությամբ բացահայտել սեփական երկրի պատմությունը։

Հաղորդավար Պրիյայի այն հարցին, թե ինչ խորհուրդ կտա արդեն կայացած դիզայները նրանց, ովքեր ցանկանում են նորաձևության բիզնեսով զբաղվել, Մերի Սուքիասյանը պատասխանեց․ «Արեք դա։ Պարզապես, արեք դա»։

Վերջերս Մերի Սուքիասյանը նաև պիժամային ոճի հագուստների իր հավաքածուն է ներկայացրել։ Հենց այդ հավաքածուի հագուստներից մեկն էլ դիզայները կրել է հաղորդման ընթացքում։

Հաղորադավուհիները Մերի Սուքիասյանին նաև առաջարկեցին հյուրընկալվել իրենց հեռուստախոհանոցային տաղավարում։ Դիզայները պատասխանեց, որ սիրով կընդունի նրանց հրավերը, քանի որ պատրաստել շատ է սիրում և նրանց համար հայակական ուտեստ կպատրաստի։

Հարցազրույցի տեսանյութը՝ այստեղ։