Վարչապետ նշանակվելուց կարճ ժամանակ առաջ Տիգրան Սարգսյանը հանդես եկավ «Պետության վախճանը», «Ինչպե՞ս իրականացնել հեղափոխություն» երկար ու գաղափարական հոդվածներով, որոնց նպատակը Հայաստանի ապագայի վերաբերյալ նոր ու կտրուկ փոփոխությունների ներկայացումն էր :
Առաջնորդվելով Տիգրան Սարգսյանի գաղափարական գծով` իշխանություններն այս տարիներին թե´ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, թե´ Արցախի հարցի զիջումային լուծման ուղղությամբ կատարեցին քայլեր:
«Պետության վախճան» -ում Սարգսյանը ներկայացնում է պետությունների երկրորդական դերը: Նա ներկայացնում է երկրների միջև ապագայում սահմանների պահպանման անիմաստության մասին: Այլ կերպ ասած երկրի երկրորդ դեմքն էր այն մարդը, որը բացահայտ իր հոդվածներով դեմ է եղել Հայոց պետականության պահպանմանը:
Բնականաբար նրա հեռացումը չի կարող որևէ գաղափարական հենք ունենալ: Նրան վաղը կտեսնենք մի այլ պատասխանատու պաշտոնի: Սակայն թե նրա որդեգրած քաղաքական գիծը, թե նրա տնտեսական ձախողումները առաջ են քաշում երկրի նախկին վարչապետին քրեական պատասխանատվության հարցը:
Նախ` դա կլինի համաշխարհային լուրջ օրինակ, և Հայաստանի այսքան զրոյացած արտաքին իմիջը կբարձրանա աննկարագրելի կերպով:
Երկրորդ խնդիրը, որը կլուծվի այս հարցով երկրի ներսում հավատի հաստատումն է: Հայաստանում առկա սարսափելի թվերի հասնող արտագաղթի գլխավոր պատճառը հենց երկրի ներսում հավատի բացակայությունն է:
Երրորդ խնդիրը արդարադատության հաստատումն է: Բազմաթիվ պաշտոնյաներ կզգաստանան ու այսուհետ իրենք իրենց հաշիվ կտան ամեն քայլից առաջ` տեսնելով նախկին շեֆին ճաղերի հետևում:
Չեմ կարծում թե իշխանություններն այդքան քաղաքական կամք կդրսևորեն իրենց մեջ, սակայն թե Տիգրան Սարգսյանի, թե Սերժ Սարգսյանի, թե Ռոբերտ Քոչարյանի ու այլոց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը պետք է մնա օրակարգային:
Արմեն Մկրտչյան