Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանում գները աշխատավարձերից արագ են աճում: Այս տարվա օգոստոսին անցած տարվա օգոստոսի համեմատ գներն աճել են 9.3, իսկ աշխատավարձերը` 5.1%-ով:
Պատկերը մոտավորապես նույնն է` այս տարվա մարտ ամսից սկսած: Մինչդեռ մարտին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ եթե տարվա արդյունքներով երկրում գները աշխատավարձերից արագ աճեն, ապա կառավարությունը պետք է հրաժարական տա` անկախ այն բանից, թե ինչպես կպատճառաբանի նման վիճակի համար:
Ավելին, Սերժ Սարգսյանը նաև ասել էր, որ եթե տնտեսական աճը` ՀՆԱ աճը տարվա կտրվածքով 7%-ից պակաս լինի, ապա այդ դեպքում ևս կառավարությունը պետք է հրաժարական տա:
«Հայաստանի Հանրապետության այն կառավարությունը, որ տարվա արդյունքներով, դա վերաբերում է 2013-2017 թվականներին, չապահովի 7 տոկոս տնտեսական աճ` այդ կառավարությունը պետք է հրաժարական տա: Եվ Հայաստանի այն կառավարությունը, որը չապահովի աշխատավարձի առաջանցիկ, այսինքն՝ ավելի մեծ աճ, քան գնաճն է հանրապետությունում, պետք է հրաժարական տա: Մյուս կողմից, կարելի է մտածել` բա վերը բերված արգումենտնե՞րը: Այո, այդ արգումենտներով հանդերձ»,- նշել էր Սերժ Սարգսյանը:
Գնաճը, ինչպես նշվեց, արդեն գերազանցում է աշխատավարձի աճին և որևէ նախադրյալ չկա, որ տարեվերջի մի քանի ամիսներին վիճակը կփոխվի: է’լ ավելի վատ է տնտեսական աճի վիճակը: Տնտեսական ակտիվության ցուցանիշը, որի հիման վրա էլ հաշվարկվում է տնտեսական աճը` ՀՆԱ փոփոխությունը, այս տարվա հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 3.8%: Սա էականորեն ցածր է 7%-ից: Ավելին, կառավարությունը նաև եկող տարի` 2014-ին է նախատեսել 7%-ից ցածր ՀՆԱ աճ` 5.2%` համաձայն օրերս ԱԺ ներկայացված 2014-ի բյուջեի նախագծի:
Այսպիսով` գործող կառավարությունը ձախողել է տարեսկզբին Սերժ Սարգսյանի տված հրահանգը` ապահովել առնվազն 7% տնտեսական աճ և գներից արագ աճող միջին աշխատավարձ: Եվ եթե Սերժ Սարգսյանը հավատարիմ մնա իր խոստմանը, ապա առաջիկայում պետք է կառավարությունից հրաժարական պահանջի:
Հայկ Մանուկյան