Տարին մոտենում է ավարտին, և այս անգամ էլ կառավարությունը պետք է ներկայացնի այն «ձեռբերումները», որ ունեցել է այս տարվա ընթացքում: Ինչպես հիշում եք, ամիսներ առաջ, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ այն կառավարությունը, որը չի կարողանա ապահովել 7 տոկոս տնտեսական աճ, պետք է հրաժարական տա: Այս տարվան հաշված օրեր են մնացել, և բոլորի համար է հասկանալի, որ կառավարությունը չի կարողանալու ապահովել Սերժ Սարգսյանի խոստացած աճը:
Այս ֆոնին էլ, եթե դիտարկում ենք այն փաստը, որ Տիգրան Սարգսյանը ունի Ռուսաստանի Դաշնության աջակցությունը, հասկանալի է դառնում, որ նրա հրաժարականի մասին խոսելն ավելորդ է դառնում, կամ Սերժ Սարգսյանը այնքան կամք պետք է ունենա, որպեսզի դեմ դուրս գա անձամբ Վլադիմիր Պուտինի որոշումներին:
Իրականում, դժվարին կացության մեջ է հայտնվել Սերժ Սարգսյանը և նա, կարծես, իր խոստման ձեռքը կրակն է ընկել: Իր հեղինակության մասին մեկ վայրկյան անգամ մտածող քաղաքական գործիչը նման իրավիճակում պետք է մտածեր իր հրաժարականի մասին, քանի որ, լինելով ինքնիշխան երկրի ղեկավար, ի զորու չէ տնտեսության առաջընթացը տապալած վարչապետին պաշտոնանկ անել:
Մի բան հաստատ է` Սերժ Սարգսյանի խոստման տրամաբանությամբ, իր հրաժարականի դիմումն արդեն պատրաստ է, և մնում է՝ կառավարությունը հաստատի, որ չի կարող ապահովել Սերժ Սարգսյանի խոստացած աճը, և որոշ նախարարներ էլ նախագահի խոսքերը որակեն որպես քաղաքական հայտարարություն, և կարելի է այդ հրաժարականի դիմումն արդեն իսկ ստորագրված համարել: Պետք է ենթադրել, որ այս պահին Սերժ և Տիգրան Սարգսյանների հրաժարականի դիմումները պատրաստ են, և մնում է պարզել, թե որի տակ պետք է ստորագրություն դրվի, որովհետև ցանկացած քաղաքակիրթ երկրում հեռանում է կամ խոսոտումը չկատարող նախագահը, կամ տնտեսությունը տապալած կառավարության ղեկավարը: