Զորի Գայկովիչի` Վ.Վ. Պուտինին ուղղված նամակը դարձել է լրատվական հիթ: Հայաստանյան ամբողջ տեղեկատվական դաշտը ողողված է նամակի արձագանքներով` սկսած քննադատություններից, վերջացրած՝ Զորի Գայկովիչին դավաճան հայտարարելով: Սակայն զգայական դաշտից այն կողմ՝ Զորի Գայկովիչի նամակը լիովին տեղավորվում է վերջերս կատարվող իրադարձությունների տրամաբանության սահմաններում: Երբ սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միություն մտնելու մասին, թվում էր թե նման ելակետային հայտարարությունից հետո հայաստանյան քաղաքական դաշտում սկզբնավորվելու են որոշակի գործընթացներ:
Սակայն տարբեր քաղաքական ուժերի քայլերը հայտարարություններից այն կողմ չանցան: Այնուհետև շրջանառության մեջ դրվեցին գազը Մաքսային միություն մտնելու պարագայում առավել էժան ձեռք բերելու մասին լուրերը` բնականաբար նպատակ հետապնդելով ցույց տալ, թե ինչպիսի կարևոր դրական քայլ էր Մաքսային միությանն անդամակցելը: Սրան հաջորդեց Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևի, կարելի է ասել, սկանդալային հայտարարությունները, որոնցում վերջինս նշում էր, որ հայաստանյան իշխանությունները բառացիորեն անգամ չեն կարդացել Ասոցացման համաձայանգրի կետերը, այսինքն շուրջ երեք տարի հայկական կողմը բանակցել է օդի մեջ: Այնուհետև Գլազևը սկսել է խորհուրդներ տալ վարչապետին ու նշել թե, ժամանակին Սերժ Սարգսյանը կարողացավ սթափվել և հրաժարվել եվրոպական հեռանկարից` կողմնորոշվելով դեպի Մաքսային միություն: Զավեշտալին այն էր, որ Գլազևի պնդմամբ Ասոցացման համաձայնագրով Հայաստանը կորցնում էր իր սուվերենությունը:
Հենց այս իրադարձությունների ֆոնին Զորի Գայկովիչի նամակի ասպարեզ գալը վկայում է ընդամենը մի բան մասին, որ թվարկված բոլոր իրողությունները գտնվում են նույն գծի և տրամաբանության մեջ: Ուստի տրամաբանորեն Զորի Գայկովիչի նամակը դավաճանական համարելով պետք է նաև նշել, որ ըստ էության, Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտարարության ու Բալայանի նամակի միջև որևէ էական տարբերություն չկա կամ այդ տարբերությունը վերաբերում է միայն ձևին, այն է` Սերժ Սարգսյանը պաշտոնապես է Հայաստանի սուվերենությունը նվաստացնում, Զորի Գայկովիչը անում է դա հրապարակախոսական ժանրի մեջ` ռուսական կայսրական նոստալգիայով տոգորված: Բովանդակային որևէ տարբերություն այս երկու իրողությունների մեջ չկա, ավելին՝ Բալայանի նամակը ուղղակիորեն Սերժ Սարգսյանի հայտարարության պտուղներից է:
Աղասի Մարգարյան