Հայաստանի կառավարությունը, փաստորեն, հրաժարվեց Սերժ Սարգսյանի հայտարարած առնվազն 7% տնտեսական աճ ապահովելու հանձնարարությունը կատարելուց: 2014թ բյուջեում այս տարվա` 2013-ի համար կանխատեսված է ընդամենը 4.1% տնտեսական աճ, այն դեպքում, երբ նախորդ տարվա բյուջեով նախատեսված էր 7.1% տնտեսական աճ: Ավելին, կառավարությունը այս անգամ «համեստ» է գտնվել և 2014-ի համար նախատեսել է ընդամենը 5.2% տնտեսական աճ:
Մի կողմ թողնենք այն, որ պատասխանատվության փոքր-ինչ գիտակցման դեպքում այս կառավարությունը ուղղակի պետք է հրաժարական տար: Մի կողմ թողնենք նաև նույն Սերժ Սարգսյանին, որ հեռուստատեսությամբ հայտարարել էր, որ եթե ՀՆԱ աճը 7%-ից ցածր լինի՝ կառավարությունը պետք է հրաժարական տա: Սերժ Սարգսյանը բազմիցս է ապացուցել, որ իր խոսքը կոպեկի արժեք չունի, որ ինքն այսօր մի բան կարող է հայտարարել` դեմքի «լուրջ» արտահայտությամբ, վաղը՝ դրան տրամագծորեն հակառակ մի բան: Որ ինքը կարող է 3.5 տարի հայտարարել, թե Հայաստանը ասոցացման համաձայնագիր կստորագրի, իսկ վերջին պահին հայտարարել, թե մտնում ենք Մաքսային միություն:
Խնդիրն այն է, որ նման ցածր աճով Հայաստանը հետ է մնում իր հարևաններից, շարունակում է մնալ մի երկիր, որտեղից մարդիկ արտագաղթում են: Վրաստանը, օրինակ, 2010-2012թթ ապահովել էր միջինում 6.5% տնտեսական աճ, Հայաստանը` 5.3%: Այս տեմպերով շարունակելու դեպքում Հայաստանը ԵՄ-ի միջին ցուցանիշին կհասնի 45-50 տարի հետո: Մենք 3-4 անգամ, միջին հաշվով, ավելի վատ ենք ապրում, քան նույնիսկ ռուսաստանցիները (մեր մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 3-4 անգամ պակաս է Ռուսաստանի ՀՆԱ-ից): Սա նշանակում է, որ այն հայաստանցիների զգալի մասը, ովքեր ուզում են թե՛իրենց, թե՛ իրենց երեխաների համար առավել բարեկեցիկ կյանք և ունեն արտագաղթելու հնարավորություն, ամենայն հավանականությամբ կշարունակեն արտագաղթել առաջիկա տարիներին:
Հայկ Մանուկյան