Սոչիում տեղի ունեցած ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ Սերժ Սարգսյանը «դժգոհել է անդամ որոշ երկրների ղեկավարների պահվածքից»: Սերժ Սարգսյանի դժգոհությունը սակայն տրաֆարետային հայտարարության մակարդակից այն կողմ չանցավ: Հետաքրքիր նշել նաև, որ Սերժ Սարգսյանը նմանատիպ դժգոհություն է հայտնել նաև անցած տարվա դեկտեմբերին նույնատիպ հավաքի ժամանակ, սակայն դարձյալ որևէ կերպ չէր հստակեցվել, թե որ երկրների ղեկավարների մասին է խոսքը: Այս փաստը սակայն լիովին տրամաբանական կարելի է համարել, քանի որ փակագծեր բացելու դեպքում Սերժ Սարգսյանը առաջին հերթին իր դժգոհությունը պետք է հայտներ հենց Ռուսաստանից և Վլադիմիր Պուտինից: Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառված զինտեխնիկան, որը հայաստանյան տարբեր շրջանակներում բավական մեծ աղմուկ հանեց, պետք է լիներ Սերժ Սարգսյանի դժգոհության առանցքը: Իհարկե, որևէ մեկը չի կարող պահանջել Ռուսաստանից հարաբերություններ չունենալ Ադրբեջանի հետ, սակայն ՀԱՊԿ տեսանկյունից ստացվում է այնպես, որ Ռուսաստանը զինում ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երկրին` Ադրբեջանին, հստակ գիտակցելով, որ անհրաժեշտության դեպքում այդ զինտեխնիկան օգտագործվելու է ՀԱՊԿ անդամ Հայաստանի դեմ: Այս պայմաններում Սերժ Սարգսյանի լղոզված դժգոհությունը մեղմ ասած անլուրջ է դառնում` մանավանդ որ, անգամ հեռավոր ակնարկ չկար այդ դժգոհության ենթատեքստում, թե որ երկրի կամ ղեկավարի վարքագիծը իրեն դուր չի գալիս: Մյուս կողմից, հարկ է չկորցնել իրականության զգացողությունը և սպասել Սերժ Սարգսյանից, որ վերջինս նմանատիպ կտրուկ հայտարարություն կարող է անել Վլադիմիր Պուտինի կամ Ռուսաստանի դեմ: Տարիների փորձը ցույց է տվել, որ հայաստանյան իշխանությունները անգամ երկրի ներքին քաղաքականության մեջ կախվածության մեծ չափաբաժին ունեն ՌԴ-ից, ուստի այս պայմաններում ՀՀ նախագահի «դժգոհությունը» բուտաֆորային հայտարարությունից ավել ոչինչ չի կարող ենթադրել:
Աղասի Մարգարյան