Araratnews-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Գրիգորյանն, անդրադառանալով Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ռոման Խուդյակովի աղմկահարույց հայտարարությանը թե, Ռուսաստանը կողջունի , եթե Ղարաբաղի բնակչությունը ցանկություն հայտնի մտնել Ռուսաստանի կազմի մեջ, նշեց, որ դա որոշակի պատասխան է Զորի Բալայանի նամակին, սակայն Զորի Բալայանի նամակը չի արտահայտում և չի կարող արտահայտել հանրության կարծիքը, քանի որ Ղարաբաղի հանրությունը հայտնել է իր ցանկությունը՝ անկախություն հռչակելով և դա քննարկման ենթական չէ:« Սա ընդամենը ռուսական իմպերիայի հերթական էքսպանսիան է, իսկ Արցախի բնակչությունը նման կարծիք չունի, և Ռուսաստանի կազմի մեջ մտնելն անգամ քննարկման ենթական չէ, այդ մասին նշել է նաև ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը»,- շեշտեց մեր զրուցակիցը: Անդրադառնալով օրերս շրջանառվող այն կարծիքներին, թե հասունացել է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահը, քաղաքագետը նշեց. «Ինձ թվում է նման իրավիճակ ստեղծվել է սխալ արտաքին քաղաքականության պատճառով։ Եթե նայենք վերջին շրջանում Ասոցացման պայմանագրի հետ կապված բանակցություններում փակուղու առաջ հայտնվելը, ապա կարող ենք ասել , որ Սերժ Սարգսյանը անցանկալի անձ` persona non grata է դարձել դրսի երեք ուժերի համար. Ռուսաստանի ` քանի որ փորձում էր Սերժ Սարգսյանը շրջանցել Ռուսաստանը ու Ասոցացման պայմանագիր ստորագրել, Եվրամիության կողմից, քանի որ Եվրամիությանն էլ փաստի առաջ կանգնեցրեց` Մաքսային միությունն ընտրելով, մինչդեռ երեկ բանակցություն էր վարում Ասոցացման համաձայնագրի շուրջ, իսկ Միացյալ նահանգներն էլ հայտարարեց, որ խնդիր չի տեսնում Ռուսաստանի դիրքորոշման մեջ, այսինքն ընդհանուր իրավիճակը դարձել է այնպիսին, որը ցույց է տալիս, որ դարձել է անընդունելի անձ, անընդունելի քաղաքական գործիչ է: Սերժ Սարգսյանի մոտ ցուգցվանգ իրավիճակ է։ Այդ մասին գրեց Վահան Բադասյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը: Այսպես ասեմ, Միջազգային իրադրությունում կա այդ դասավորվածությունը, որը ենթադրում է Սերժ Սարգսյանի հրաժարականը, եթե ներքաղաքական դասավորվածությունն էլ այդպիսին լինի, ապա հրաժարականը իրականություն կդառնա»: