տուն Քաղաքական Հայաստան Սերժ Սարգսյանը եկել էր, որ ի՞նչ ասեր, ասեր, որ ապրիլյանը պայմանավորվա՞ծ է...

Սերժ Սարգսյանը եկել էր, որ ի՞նչ ասեր, ասեր, որ ապրիլյանը պայմանավորվա՞ծ է եղել. Աշոտ Աղաբաբյան

535
0

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ)։

– Պարոն Աղաբաբյան, ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովը նախօրեին հրավիրել էր Սերժ Սարգսյանին։ Ձեր կարծիքով՝ Սերժ Սարգսյանը կարո՞ղ է այնպիսի ինչ-որ բան ասել կամ կասի այնպիսի մի բան, որը կօգնի հանձնաժողովին լույս սփռել քառօրյա պատերազմի մութ կողմերի վրա։

– Ես մի բան կարող եմ ասել. ես այդ օրերին եղել եմ Արցախում։ Ապրիլի 4-ից հետո Ղարաբաղի նախագահը հավաքեց հրամանատարներին խորհրդակցություն անցկացնելու համար։ Ներկա էի նաև ես։ Բակո Սահակյանն ասաց, որ ուզում է իմանալ, թե ով ինչ թերություն է նկատել, ինչ թերություններ են եղել։ Կոնկրետ ես չորս թերություն մատնանշեցի՝ տրանսպորտը, տեխնիկան վատթար վիճակում էր։ Մենք  գնում էինք սահման, մեքենան փչացավ, ու մենք մնացինք ճանապարհին ու ստիպված մարշ բրասոկով հասանք սահման։ Երկրորդ թերությունը ճանապարհներն էին։ Զինվորական մեծ մեքենայի տակը  կպնում էր գետնին, երկկողմանի փոսեր էին, ու հսկա մեքենայի մեջտեղը կպնում էր գետնին։ Երրորդ թերությունը մատնանշել եմ այն, որ դիրքերում գտնվող զինվորները քնապարկեր չունեին։ Իսկ չորրորդը սահմանին տեսախցիկների բացակայությունն եմ մատնանշել։ Հայաստանում, փողոցներում ամեն քայլափոխի տեսախցիկ է  տեղադրված, իսկ այդ ժամանակ սահմանին մի հատ ձևի համար չկար, ու ամեն օր զինվորները դիպուկահարի կրակոցից զոհվում էին։ Ես այս չորս թերությունները ներկայացրել եմ Արցախի նախագահին խորհրդակցության ժամանակ։ Ես այդ ժամանակ դեռ պատգամավոր էի։ Ես ուղիղ ասացի, որ այդ չորս թերացման պատճառով նախ զինամթերք հնարավոր չի եղել ժամանակին հասցնել դիրքեր։ Մեքենաների մեջ վառելիք չի եղել։ Ես նման հարցադրումներ եմ արել, որը իմ աչքով եմ տեսել։ Իսկ որ վառելիք չկար, մեքենաները անսարք էին և այլն՝ դա նշանակում է, որ զինվորին թալանել են, բանակը թալանել են, կերել են բանակի բաժինը։  Հիմա որքանով տեղեկացված եմ, ահագին բան փոխվել է և տեսախցիկների ու մնացած մասով։ Մենք էլ այդ օրերին 150-ից ավելի քնապարկ ենք թողել զինվորներին, որոնք կարել էր Քրիստ Մանարյանի կինը։

– Բայց այդ թալանողները կամ դա թույլ տվողները, բանակի թիվ մեկ պատասխանատուները, գերագույն գլխավոր հրամանատարը հիմա կարո՞ղ են ինչ-որ բան ասել, բացահայտել, թե ինչու եղավ ապրիլյանը, ինչու այդքան զոհ տվեցինք։

– Իհարկե չեն ասի։ Ես մի անգամ էլ եմ ասել՝ այդ ինչպես է լինում, որ գիշերը պատերազմ է  սկսվում, բայց Յուրի Խաչատուրովն այդ պահին Կոմիտասի իր բիլիարդանոցում բիլիարդ խաղալուց է եղել։ Ո՞նց կարող էր նա տեղյակ չլինել պատերազմից, եթե բանակի Գլխավոր շտաբի պետն է եղել։ Նրան երկու անգամ զգուշացրել են, որ սահմանին շատ լարված է, բայց նա ուշադրություն չի դարձրել, ու երկու ժամ անց թեժ մարտեր են սկսվել։

– Դա ինչի՞ մասին է խոսում, որ իսկապես պայմանավորվա՞ծ է եղել ապրիլյան պատերազմը։

– Ես չգիտեմ՝ պլանավորած, պայմանավորվա՞ծ է  եղել, թե՞ ոչ, բայց դա նախ խոսում է անփութության մասին։ Բացի դրանից, բազմաթիվ փաստեր էլ կան, որ խոսում են այդ պայմանավորվածության մասին։ Տղաներ են եղել, որ կռվել են մինչև վերջին շունչը, կապ են տվել, օգնություն կանչել, ասել են՝ երկու րոպեից հասնում են, բայց չեն հասել, ու էդ տղաները ստիպված նռնակը քաշել ու իրենք էլ հետը զոհվել են։

– Սերժ Սարգսյանը նախօրեին կրկին սադրանք որակեց պայմանավորվածության մասին խոսակցությունները։

– Դա մի քիչ բարդ հարց է։ Բայց ես կարծում եմ, որ կարող է պայմանավորվածություն եղած լինել, որովհետև երբ մեր տղաները բարձրացել են դիրքեր, որ հակագրոհ կազմակերպեն, հրամանատարությունն արգելել է, այնպես, ինչպես ժամանակին Տեր-Պետրոսյանը, երբ որ մենք  Երասխավանում ահագին մեծ կուտակում ունեցանք և պետք է մտնեինք Նախիջևան, Տեր-Պետրոսյանին զանգել ասել էին՝ տենց բան թույլ չտա։ Նույնն էլ երևի ապրիլյանի ժամանակ է եղել։ Մոսկվայից զանգել ասել են՝ նման բան թույլ չտաք։ Հիմա Սերժ Սարգսյանը ոչ մի բան էլ չի ասի հանձնաժողովին։ Ի՞նչ ասի,  ասի՝ պայմանավորվել էինք, որ Ալիևը ամրապնդե՞ր իր դիրքերը տարածաշրջանում։ Ի՞նչ պետք ա ասի, եթե սկզբում ասում էր՝ 350 հեկտար հող ենք կորցրել, հետո պարզվում է՝ 800 հեկտար է։ Հետո դա էլ է փոխում։ Հետո ասում էին, թե զոհեր չունենք, շատ քիչ զոհեր ունենք, բայց պարզվեց՝ հարյուրից ավելի զոհ ունեինք։ Բայց այդտեղ զոհերի շատ ու քիչ լինելն էր չէր։ Հարցն այն էր, թե ինչու Ադրբեջանը գնաց լայնամասշտաբ հարձակման, ինչու մենք հակահարձակման չգնացինք և այլն։ Եթե նա այդ բոլոր հարցերի պատասխանը տա, ոչ ոք չի կարող ասել, որ ապրիլյան քառօրյա պատերազմը պայմանավորված է եղել։ Բայց դե Սերժ Սարգսյանը ոչ մի բան չի ասի, որը կարող է իրեն վնասել։

– Պարոն Աղաբաբյան, նախօրեին Ազգային ժողովը ընդունեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը։ Եվ որքանով պարզ դարձավ՝ այն վերաբերելու է նաև նախկիններին, նախկինում ապօրինի հարստացածներին։ Ինչպե՞ս եք գնահատում այս օրենսդրական նախաձեռնությունը, ի՞նչ արդյունք կարելի է սպասել դրանից։

– Դա վերաբերելու է  նախկինում և ներկայում էլ ապօրինի ճանապարհով հարստացածներին։ Շատ լավ եմ  գնահատում այս օրենքը։ Ամեն գողացված պետք է վերադարձվի պետությանը։ Բացի դրանից, մնացած ամեն ինչ՝ կապը, կոմունիկացիաները, հանքերը և մնացած ամեն ինչ պետք է վերադարձվի պետությանը։ Իսկ ով նախկինում ինչ արել է, ինչ քաք կերել է, թող բերի ամեն ինչ հետ տա պետությանը, իրենց սխալները զգան։ Դրա արդյունքում ժողովուրդը իրենց ավելի շատ կգնահատի։ Բայց հիմա ինչքան փող ծախսեն իրենց կաշին փրկելու համար, դա իրենց չի օգնելու։ Բոլորը ծնկի են գալու։

Հարցազրույցը հրապարակվեց առանց խմբագրման

Աղբյուրը՝  1in.am