Այսօր Սոչիում ընթացող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ Սերժ Սարգսյանը բողոքել է անդամ որոշ պետությունների ղեկավարների պահվածքից:
«Չնայած մեր կողմից ընդունված որոշումների ոգուն, ՀԱՊԿ անդամ որոշ երկրներ այլ հարթակներում և կազմակերպություններում ընդունում են հայտարարություններ, որոնք հակասության մեջ են մտնում ՀԱՊԿ որոշումների հետ», — ասել է Սերժ Սարգսյանը: «Բնական է, որ շատ երկրներ ունեն իրենց շահերը, որոնք կապված են Ադրբեջանի հետ: Սակայն մենք չենք կարող համաձայնել, երբ այդ հարաբերությունները հանգեցնում են այնպիսի փաստաթղթերի ընդունմանը, որոնք ուղղված են ՀԱՊԿ անդամ մյուս երկրների շահերի և ընդհանուր կազմակերպության դեմ»:
Սարգսյանն իր խոսքում մեջբերել է 2012-ին Մոսկվայում ընդունված հռչակագիրը, որում նշվում էր, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: «Վերջին տարիներին ընդունվել են փաստաթղթեր, այդ թվում` նախագահական մակարդակով, որոնցում ընտրողաբար, ի վնաս մյուս սկզբունքներին, շեշտը դրվում է տարածքային ամբողջականության վրա», ինչն ըստ Սերժ Սարգսյանի անընդունելի է հատկապես ՀԱՊԿ անդամ երկրների կողմից, հատկապես Ադրբեջանի նախագահի հակահայկական հռետորաբանության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ զենք կիրառելու սպառնալիքի ֆոնին: Այս մասին հաղորդում է Interfax.by-ն: