ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր` դեկտեմբերի 13-ին, ընդունեց ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության դաշտային ծրագրերի պատասխանատու Գերալդ Բոդեգերին։ Այս մասին araratnews.am-ին հայտնեցին գյուղատնտեսության նախարարությունից: Հանդիպման նպատակն էր քննարկել ՀՀ կառավարության և ՊԳԿ-ի միջև 2014 թ. համագործակցության կոնկրետ ուղղությունները և դրանց իրականացման ժամանակացույցը։
Անդրադառնալով ՊԳԿ-ի կողմից Հայաստանում արդեն իսկ իրականացվող ծրագրերին, նախարար Սերգո Կարապետյանը մասնավորապես նշեց. «Դրանք շատ արդյունավետ ընթացք ունեն և նպաստում են մեր երկրի ագրարային հատվածի տարբեր ոլորտների զարգացմանը»։
Խոսելով Հայաստանում ձկնաբուծության զարգացման խնդիրների մասին և կարևորելով Արարատյան հարթավայրի ձկնաբուծարանների կողմից օգտագործվող ստորգետնյա քաղցրահամ ջրերի խնայողաբար օգտագործման հիմնահարցը՝ նախարարն առաջարկեց 2014 թ. ՊԳԿ-ի օժանդակությամբ իրականացնել ջրի խնայողաբար օգտագործման փակ կամ կիսափակ շրջապտույտի տեխնոլոգիաների ներդրման «Աջակցություն ձկնաբուծության ոլորտում» պիլոտային ծրագիրը:
Այն նախատեսվում է իրականացնել տեխնոլոգիական աջակցության ֆինանսական միջոցներով։
Սերգո Կարապետյանը պատրաստակամություն հայտնեց մեկ անգամ ևս քննարկել առաջնային ծրագրերի ցանկը և հնարավորինս կարճ ժամկետներում առավել կարևորները ներկայացնել ՊԳԿ-ին։
Նշելով, որ Հայաստանում խաղողագործության զարգացումը խաղողի գենետիկական ռեսուրսների ուսումնասիրությունների և գիտական հետազոտությունների անցկացում է պահանջում, նախարարը առաջարկեց 2014 թ. իրականացնել նաև նմանատիպ տեխնիկական աջակցության ծրագիր՝ ընդգրկելով նրա մեջ հայկական բոլոր սորտերի 4 հեկտարանոց Կոլեկցիոն այգու հիմնումը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ պարոն Գերալդ Բոդեգերը նշեց, որ իրենց կազմակերպությունը մանրամասնոր քննարկել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի կողմից առաջիկա երկու տարիների համար ներկայացված առաջնային, նաև ներկայացված լրացուցիչ երկու ծրագրերը և կանի հնարավոր ամեն ինչ, վերջիններիս իրականացման ուղղությամբ։