ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը երեկ ընդունել է Արգենտինայի Հանրապետության էկոնոմիկայի և պետական ֆինանսների նախարարության արտաքին առևտրի քարտուղար Բեատրիս Պագլիերիին: Այս մասին ասվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության հաղորդագրությունում: Հյուրին ուղեկցում էին Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Էռնեստո Ալվարես Ռիվերան, Արգենտինայի Հանրապետության տարբեր նախարարությունների և գերատեսչությունների պատասխանատուներ, ինչպես նաեւ Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը:
Շեշտադրելով երկու երկրների փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը՝ կողմերը գյուղատնտեսության բնագավառում նախանշել են երկուստեք շահավետ համագործակցության նոր ուղիներ. մասնավորապես ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ երկու պետությունների նախարարների միջեւ ստորագրվել է համագործակցության պայմանագիր: Արգենտինայի Էկոնոմիկայի և պետական ֆինանսների նախարարության արտաքին առևտրի քարտուղարն ի պատասխան ասել է. «Մեր նպատակներն ու ցանկությունները նույնն են: Մենք շատ ենք կարեւորում գյուղատնտեսության բնագավառում Հայաստանի հետ համագործակցությունը եւ առաջարկում ենք կազմել աշխատանքային ծրագիր՝ մեր ցանկություններին գործնական տեսք հաղորդելու նպատակով»: Նախարարը ողջունել է համագործակցության առավել լայն ձեւաչափերի անցնելու առաջարկը, սակայն նշել է, որ մեր երկիրն ունի սննդամթերքի անվտանգության հստակ չափորոշիչներ եւ չի ներկրում գենետիկորեն ձեւափոխված սննդամթերք: Նախարարն ասել է նաեւ, որ իրատեսական է համարում համագործակցությունը անասնաբուծության, սերմնաբուծության մի շարք ճյուղերում. «Մենք հպարտությամբ ենք տալիս արգենտինահայ մեր հայրենակից Էդուարդո Էռնեկյանի անունը, ով թե՛ Հայաստանում, թե՛ Արգենտինայում իրականացնում է խոշորածավալ ծրագրեր, եւ կարող է կամուրջ հանդիսանալ Հայ-Արգենտինական բարեկամության եւ փոխգործակցության համար»:
Հանդիպման ավարտին Բեատրիս Պագլիերին նախարարին հրավիրել է աշխատանքային այցով լինել Արգենտինայում: Գյուղնախարարը շնորհակալություն է հայտնել հրավերի համար եւ հյուրին տեղեկացրել, որ վաղը՝ հոկտեմբերի 18-ին, մեկնարկում է «Արմպրոդէքսպո» եռօրյա ցուցահանդեսը, որը գյուղատնտեսական տարվա ավարտին ավանդաբար ներկայացնում է հողի պարգեւած բարիքները, և հրավիրել է հյուրերին՝ մասնակցել այդ ցուցադրությանը: