տուն Լուրեր Սեպտեմբերի 3-ի հայտարարությունը Հայաստանի արտաքին քաղաքական ամենալուրջ իրադարձությունն է

Սեպտեմբերի 3-ի հայտարարությունը Հայաստանի արտաքին քաղաքական ամենալուրջ իրադարձությունն է

216
0

Armen-Ashotyan

«Առաջին լրատվական»-ը զրուցել է ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ:

— Պարոն Աշոտյան, 2013-ն ամփոփում ենք: Քաղաքական առումով ի՞նչ ձեռքբերումներ, ի՞նչ ձախողումներ ունեինք:

— 2013-ի քաղաքական ամփոփումը նախևառաջ ընդգծում է Հայաստանում նախագահական ընտրությունները և դրանց արդյունքները: Սերժ Սարգսյանը վերընտրվեց ՀՀ նախագահ, և այդ ընտրությունը պայմանավորելու է մեր երկրի՝ գալիք հինգ տարիների քաղաքական, տնտեսական և հասարակական զարգացումները: Երկրորդ քաղաքական իրադարձությունը, որը նույնպես շատ եմ կարևորում, Երևանի քաղաքապետի ընտրություններն էին, որտեղ ՀՀԿ-ն՝ Տարոն Մարգարյանի գլխավորած ցուցակը, կարողացավ ստանալ երևանցիների ձայների գերակշիռ մեծամասնությունը և ավարտել Հայաստանում նախընտրական ցիկլը: Երրորդ կարևոր իրադարձությունը կառավարության կազմավորումն էր և թարմացված հին կառավարության գործունեությունը, որը նույնպես ապահովելու է գալիք հինգ տարիների ընթացքում Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի նախընտրական խոստումների և նախընտրական ծրագրերի դրույթների իրականացումը: Սրանք պետական նշանակության ձեռքբերումներն են:

Ինչ վերաբերում է ձախողումներին, ապա կուզեի խոսել թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական բևեռների ձախողումների մասին: Ակնհայտ է, որ Հայաստանում այս տարվա թիվ մեկ ձախողումն այն էր, որ նախագահական ընտրություններին ձայների մեկ երրորդը ստացած թեկնածուն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով շատ անակնկալ ձևով էր ստացել այդ ձայները, շատ անակնկալ ձևով էլ փոշիացրեց իր քաղաքական կապիտալը, ինչը հանգեցրեց նախագահական ընտրություններից հետո ընդդիմադիր դաշտում քաղաքական ամայության, և ցավոք սրտի, այդ ամայությունն առ այսօր հիմնովին լրացված չէ և ոչ մի քաղաքական  ներկայացվածությամբ: Երկրորդ ձախողումն այն էր, որ մի շարք ուժեր 2013-ին այդպես էլ չկարողացան ձևակերպել իրենց քաղաքական պլատֆորմը, քաղաքական կրեդոն: Եվ ցավոք սրտի, ընդդիմադիր քաղաքական դաշտում, ի տարբերություն իշխանական քաղաքական դաշտի, գործընթացները կրում են բավականին տարերային, ոչ համակարգված, սիտուացիոն բնույթ: Սա, իհարկե, առաջին հայացքից հեշտացնում է իշխանության գործը, բայց իրականում դժվարացնում է մեր գործը, որովհետև երկրի քաղաքական-հասարակական զարգացումների համար շատ կարևոր է ունենալ կայացած ընդդիմախոս գործընկեր: Ցավոք սրտի, այսօր ոչ իշխանական դաշտը շատ ամորֆ վիճակում է, անգամ բրոունյան շարժում է  հիշեցնում:  Նիկոլ Փաշինյանի Քաղաքացիական պայմանագիր նախաձեռնությունը, ինչպես նաև հին ՀՀՇ-ականների նախաձեռնությունը վերակենդանացնել լիբերալ գաղափարախոսությունը Հայաստանում՝ դարձնելով այն ավելի մրցունակ քաղաքական դաշտում, միաժամանակ կարծեք թե նպատակ է հետապնդում փրկելու 2008-ից այսօր վարկաբեկվող և իրականում իր տեղը քաղաքական դաշտում փաստացի կորցրած ՀԱԿ-ի պատիվը:

— Ձեր ձախողումների մասին չխոսեցիք: Դուք ՀՀԿ փոխնախագահն եք, որը երեքուկես տարի բանակցում էր Եվրոպայի հետ ԵՄ Ասոցացման պայմանագրի շուրջ: Այս տարիներին մենք  ականատես էինք լինում, թե ինչպես են եվրոպական դիտորդներն ամեն անգամ մեկ քայլ առաջ որակում ընտրությունները նախորդներից: Դա արձանագրվեց նաև նախագահական և քաղաքապետի ընտրություններին: Այսինքն՝ ՀՀԿ-ն Եվրոպայից ստացավ այն, ինչ ակնկալում էր, փոխարենը Եվրոպային փաստի առաջ կանգնեցրեց: Արդյո՞ք սեպտեմբերի 3-ի կարևոր իրադարձությունը ձախողում չէր:

— Հայաստանի եվրամերձեցման քաղաքականությունը բացարձակապես ձախողված չեմ համարում: Ճիշտ հակառակը, սեպտեմբերի 3-ի՝ հայտնի հայտարարությունից հետո այն խուճապային տրամադրությունները, այն ապոկալիպտիկ աշխարհվերջյան կանխատեսումները, որոնք վերաբերում են Հայաստան-ԵՄ հարաբերություններին, շատ արագ ի չիք դարձան, և՛ եվրոպական մեր գործընկերների, և՛ Հայաստանի իշխանությունների՝ իրենց ցանկությունը վերահաստատելով, աշխատելով միասին, ձևավորելով նոր քաղաքական, տնտեսական, հասարակական օրակարգ՝ մենք շարժվելու ենք եվրամերձեցման քաղաքական ճանապարհով դեպի նոր նշանակակետեր: Եվ այստեղ ես բացարձակ խնդիր չեմ տեսնում, ինչպես չեն տեսնում եվրոպացի մեր շատուշատ գործընկերներ: Ավելին՝ սեպտեմբերի 3-ի հայտարարությունը դիտարկում եմ արտաքին քաղաքական ամենալուրջ իրադարձությունը Հայաստանի համար և կարծում եմ՝ ստեղծված աշխարհաքաղաքական, ռազմատնտեսական, ռազմաքաղաքական համատեքստում ժամանակին և տեղին կայացրած որոշում է հնչեցվել Մոսկվայում Սերժ Սարգսյանի կողմից: Բնականաբար, այդ որոշումը միանվագ որոշում չէ, այն ենթադրում է երկարատև գործընթաց: Հայաստանի անվտանգության խնդիրները դիտարկելով որպես առաջնային խնդիրներ՝ կարծում եմ, մենք այս պարագայում շատ ազնիվ վարվելով մեր բոլոր գործընկերների հետ, նախապես զգուշացնելով, որ մեզ երբևէ ընտրության առջև չդնեն, կայացրեցինք այն որոշումը, որը ընկալելի և ըմբռնելի էր մեր եվրոպական գործընկերների համար:

Գիտեք, որ ՀՀԿ-ն արդեն մեկուկես տարի է ԵԺԿ դիտորդ անդամ է: Մենք ամբողջությամբ կատարում ենք մեր պարտավորությունները, ԵԺԿ-ի աշխատանքներին լիարժեք մասնակցում ենք՝ և՛ քաղաքական վեհաժողովին, և՛ թեմատիկ նիստերին, և՛  ԵԺԿ գալիք համագումարին:

— Որքանո՞վ լուրջ ընդունեց ԵԺԿ-ն Մաքսային միությանը միանալու այս քայլը:

— ԵԺԿ-ն շատ լուրջ է ընկալել այդ քայլը, ԵԺԿ-ում շատ ավելի լուրջ մարդիկ են աշխատում, քան կարող եք ենթադրել Երևանում նստելով և փորձելով որսալ «տաք» արտահայտություններ և դիրքորոշումներ, որոնք լրագրողական մի հատվածի թույլ կտան քննադատել հայրենի իշխանություններին: Ես չեմ ուզում բացարձակ արժեք տալ որևէ մի իրադարձության: Քաղաքականության մեջ ամեն մի քայլ և որոշում դիտարկվում է ստեղծված համատեքստում: Եվ առնվազն ունի միջնաժամկետ և երկարաժամկետ ազդեցություն ու նշանակություն, ուստի բացարձակ գնահատականները կա՛մ պոպուլիզիմի արդյունք կարող են դիտարկվել, կա՛մ, կներեք, քաղաքական տգիտության:

 Իսկ գուցե պետք էր ավելի անկե՞ղծ լինել հանրության հետ՝ այսպիսի տարընթերցման առիթ չտալու համար: Անընդհատ անվտանգության հանգամանքը շահարկելով՝ մի՞թե չեք թաքնվում դրա տակ:

— Զարմանալի է այն տեսակետը, որ իշխանություններին փորձում են մեղադրել, թե անվտանգության գործոնը շահարկվում է կամ գերագնահատվում: Մեզ նման երկիրը, գտնվելով նման աշխարհաքաղաքական գոտում, ունենալով նման պատմական, ներկայում նույնպես պրոյեկտվող լարված հարաբերություններ մի շարք հարևանների հետ, խոսել անվտանգության գործոնի շահարկման մասին, կարծում եմ, չափից ավելի լավատեսական կլիներ մեզ համար, եթե այդ տեսակետը Հայաստանում դառնար գերակշռող: Ցավոք,  մեր երկրի համար անվտանգության գործոնը մնում է գերակա, և սա ոչ թե որևէ մեկի մեղքն է, ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ և ո՛չ էլ երրորդ նախագահների վարչակազմերի մեղքը չէ, սա Հայաստանի խաչն է, պատմական խաչը, որը մենք կրում ենք հազարամյակներ շարունակ: Եվ ենթադրում եմ, որ մոտակա տասնամյակներում, եթե չասեմ հարյուրամյակներում միշտ նույն մարտահրավերը ունենալու ենք: Պետք չէ խաբնվել գլոբալիզացիոն աշխարհի գայթակղություններով և մտածել, որ եթե մեր մայրաքաղաքում ամեն ինչ եվրոպական է, մենք շատ եվրոպական սերունդ ունենք, մենք շատ արդիական ենթակառուցվածքներ ունենք, ուղիղ չվերթով կարող ենք ցանկացած եվրոպական մայրաքաղաք գնալ, անվտանգության խնդիր այլևս գոյություն չունի, չի կարելի զգոնությունը երբևէ կորցնել, և այս խնդիրը իրականում չափազանցված չէ:

Խոսելով տարվա կարևորագույն իրադարձությունների մասին՝ նաև ուզում եմ ընդգծել, որ նկատելի է քաղաքացիական հատվածի անկտիվացումը, և սա ողջունելի է: Ես դեռ անցյալ տարի խորհրդարանում իմ ելույթում ընդդիմությանը նախազգուշացրի, որ եթե չդառնաք կայուն ու լուրջ ընդդիմադիր գործընկեր իշխանություններին, ապա իշխանությունը այդ ընդդիմախոս գործընկերներին կփնտրի և կգտնի քաղաքացիական դաշտում, ինչը և կարծեք թե տեղի է ունենում: Երեկվա ակցիան մակերեսային ընկալման դեպքում միայն կարելի էր գնահատական տալ, որ չորս խմբակցությունները և փողոցում հավաքված ակտիվիստները միակարծիք էին և մեկ օդի բաղադրությամբ շնչում էին ու արտաշնչում: Իրականում, երբ դիտում և կարդում եք, տեսնում եք, որ շատուշատ, այսպես կոչված, քաղաքական ոչ իշխանական գործիչներ չարժանացան այն դափնիներին, որ կարծեք թե պետք է արժանանային որպես ժողովրդական տրիբուններ:

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here