տուն Տնտեսական Սեպտեմբերի 3-ի հայտարարությունը Ասոցացումը ձախողելու համար էր. Բորիս Նավասարդյան

Սեպտեմբերի 3-ի հայտարարությունը Ասոցացումը ձախողելու համար էր. Բորիս Նավասարդյան

211
0

 

Վերջին օրերի լավատեսական տրամադրություններ են նկատվում` կապված նրա հետ, որ Հայաստանը դժվար թե անդամակցի Մաքսային միությանը` Բելառուսի և Ղազախստանի նախագահների կոշտ դիրքորոշման պատճառով: Սակայն իրականում սեպտեմբերի 3-ի հայտարարությունը ոչ թե ֆորմալ առումով Հայաստանը Մաքսային միություն մտցենելու նպատակ ուներ, այլ՝ Հայաստանի եվրաինտեգրումը խափանելու և Ասոցացման համաձայնագրի ստորագրումը ձախողելու: Այս կարծիքն այսօր հայտնեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը` Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի և Ստեֆան Բատորիի անվան հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված «ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրերի երկխոսությունը՝ Վիլնյուսի գագաթնաժողովից առաջ և հետո» խորագրով գիտաժողովի ժամանակ:

Նավասարդյանի խոսքով` այն վնասը, որ հասցվեց Հայաստանին սեպտեմբերի 3-ին, կարող է հավասարակշռվել ոչ թե նրանով, որ Հայաստանը չմտնի Մաքսային միություն, այլ նրանով, որ շարունակի ԵՄ ազատ առևտրի գոտուն միանալու և հարաբերությունները մինչև ԵՄ անդամակցություն խորացնելու քաղաքականությունը (անդամակցության հարցը չքննարկելով), ինչպես պաշտոնապես հայտարարվում էր մինչև սեպտեմբերի 3-ը:

Եթե սա չլինի, ապա Մաքսային միությանը ֆորմալ միանալ-չմիանալը որևէ նշանակություն չունի: Որովհետև ՀԱՊԿ-ին ու նույնիսկ ԱՊՀ-ին, ըստ Նավասարդյանի, Հայաստանի անդամակցությունը սահմանափակվում է գերազանցապես Ռուսաստանի հետ հարաբերություններով: Իսկ սեպտեմբերի 3-ի հայտարարությունից հետո (դեռ Մասքային միությանը չմիացած) արդեն նկատվում են Ռուսաստանի հետ «հարաբերությունների խորացման» դրսևորումներ` Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն է նշանակում Ռուսաստանի քաղաքացի ու հայերեն չիմացող մի մարդ, խոսակցություններ են գնում հասարակական կազմակերպությունների գործունեությունը սահմանափակելու մասին և այլն:

Բ. Նավասարդյանը այս տեսակետից սխալ է համարում Վիլնյուսում հռչակագրային տեսք ունեցող որևէ փաստաթղթի ստորագրումը Հայաստանի և ԵՄ միջև, որը կամրագրեր Արևելյան գործընկերության շրջանակներում կատարված աշխատանքը: Նման հռչակագրային մի բան արդեն եղավ հուլիսի 24-ին: «Եթե արձանագրվի, որ ավարտել ենք բանակցությունները և ձևավորել ենք տեքստ, այն կարող է ոչ միայն բավարար չլինել, այլև կարող է նույնիսկ վնասակար լինել, որովհետև նոյեմբերի 20-ին արձանագրել այն, ինչ տեղի է ունեցել հուլիսի 24-ին, անիմաստ է: Ցանկացած փաստաթուղթ, որ կարող է հնչել և ընդունելի լինել, պետք է իր մեջ հստակ բովանդակություն պարունակի»,- ասաց Բ. Նավասարդյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here