Սեպտեմբերի սկզբին Հայաստանում օրական հաստատվող կորոնավիրուսի դեպքերը կարող են կազմել 140։
ԱԺ հատուկ նիստում, պարետ Տիգրան Ավինյանը նշեց, որ հունիսի 28-ի դրությամբ վարակի վերարտադրման գործակիցը կազմել է 0,8 և շարունակում է անկման միտումը։
«Սա նշանակում է, որ մեկ անձը ամբողջ հիվանդության ընթացքում կվարակի 0,8 հոգու։ Այս արդյունքին հասնելուն նպաստել է դիմակների կրման և անվտանգության կանոնների կիրառումը։ Կարևոր է նաև եղանակային գործոնը։ Նման միտումի պահպանման դեպքում գնահատվում է, որ սեպտեմբերի սկզբին կունենանք մոտ 140 նոր վարակակիրների արձանագրված դեպքեր։ Կանխատեսումները շատ նախնական են, և դա բոլորովին չի նշանակում, թե անկման միտումները կպահպանվեն, որովհետև բազմաթիվ գործոններով են պայմանավորված»,- ասել է Ավինյանը։
Ըստ նրա՝ պարետատան կողմից մշակված են նաև այլընտրանքային սցենարներ, որոնց առանցքում դրված է շփումների և տեղաշարժի շեշտակի սահմանափակումը։ Յուրաքանչյուր սցենարի համար կան կանխատեսումներ ու գնահատականներ՝ ինչպես վարակի տարածման, այնպես էլ տնտեսության վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ։