Այսօր «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում «Հայկական ուրբաթ» հաղորդման շրջանակներում հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանը հյուրընկալել էր մի քանի գծատերերի, փոխադրող կազմակերպությունների ներկայացուցիչներին, Երևանի ավագանու անդամ Ստեփան Սաֆարյանին, «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանին և այլոց:
Հաղորդման թեման առաջիկայում տրանսպորտի գնի հավանական բարձրացումն էր, և դրա հնարավոր հետևանքները: Փոխադրողների միության նախագահ Հարություն Առաքելյանը հաղորդման սկզբում իր խոսքում նշել է, որ տրանսպորտի գնի բարձրացումն օբյեկտիվ իրականություն է, և որ պետք է լինի 200 դրամից ավելի: Դրան ի պատասխան Բաբկեն Պիպոյանը ասել է, որ մի խումբ մասնագետների հաշվարկների արդյունքում իրենք եկել են այն եզրակացության, որ նման գին սահմանելու անհրաժեշտություն ամենևին էլ չկա:
Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը հաղորդման ընթացքում ներկայացրել է մի փաստաթուղթ, որը, ինչպես ինքն է նշել, «թաքցրած հաշվարկ է»ˋ կատարված քաղաքապետարանի կողմից, որտեղ նշված է, որ ուղեվարձը պետք է լինի 200 դրամից ավելի: Նրանք տեղեկացրել են, որ իրենք աշխատել են վնասով, և որ քաղաքապետարանն իրենց վրա բազում անգամներ ճնշումներ է գործադրել:
Երևանի ավագանու անդամ Ստյոպա Սաֆարյանն, որը հաղորդման հյուրերից էր, փոխադրող կազմակերպությունների ներկայացուցիչներին հարց է ուղղել. «Եթե ձեզ պարբերաբար ճնշել են, եթե աշխատել եք վնասով, ինչո՞ւ էիք 2012 թվականին մասնակցում մրցույթին և հերթական անգամ շահում ուղևորափոխադրումներ անցկացնելու իրավունք»։ Սրան ի պատասխան՝ փոխադրող կազմակերպությունների ներկայացուցիչներից մեկն ասել է. «Շատ օրինաչափ հարց է. Որովհետև ամեն մի մրցույթի ժամանակ մեզ խոստանում էին, որ այս մրցույթն էլ անցեք, ուղեվարձի բարձրացում կլինի»:
Ստյոպա Սաֆարյանը ասել է, որ դա քրեորեն պատժելի արարք է. «Դուք ունեցել եք քաղաքապետարանի հետ համաձայնություն իրականում, որ՝ եկեք շահենք էժան գնով, հետո քաղաքապետարանը խոստացել է, որ ուղեվարձը կթանկացնի, իսկ սա նշանակում է, որ կատարվել է քրեորեն պատժելի արարք»:
Բաբկեն Պիպոյանն էլ կոչ է արել դատախազությանը քայլեր ձեռնարկել. «Որովհետև ի սկզբանե գրել ենք թղթի վրա 100 դրամ, բայց իրականում 100 դրամ չէ: Ով է սրա համար պատասխանատու, պետք է պարզի դատախազությունը»:
Էմմա Պալյան