Խորհրդարանում պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի կազմակերպած լսումների ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անդրադարձել է նաեւ հայկական բանակում տեղի ունեցած նախնական վարկածով ինքնասպանության հերթական դեպքին: Նախարար Օհանյանն ասել է, որ տեղի ունեցածը եղել է միջանձնային հարաբերություններում վեճի հետեւանք:
«Միջանձնային հարաբերությունների խախտման արդյունքում ծագած վեճի եւ այնուհետեւ հաշվեհարդար տեսնելու միտումներ կան առայժմ: Իրավապահ մարմինները աշխատում են, ընթացքում ամեն ինչ կբացահայտվի եւ մենք հասարակությանը կտեղեկացնենք», հայտարարել է Սեյրան Օհանյանը, ասելով, որ եթե զինծառայողները վեճի մասին տեղեկացնեին հրամանատարին, ապա բանը չէր հասնի այդպիսի ողբերգական ավարտի:
Սեյրան Օհանյանը նշել է, որ այդ ամենը հասարակության մեջ առկա երեւույթի արտացոլումն է նաեւ բանակում՝ թաքցնել, ժամանակին չզեկուցել, խնդիրները սեփական ուժերով լուծելու տարբերակին ապավինել: Օհանյանը ասում է, թե ժամանակին իրավապահ մարմիններին, հրամանատարին չզեկուցելը փողոցից է ներմուծվում բանակ:
Մանրամասները` lragir.am — ում