Ինչպես արդեն ավելի վաղ տեղեկացրել ենք, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Ազգային ժողով է եկել։ Նա այսօր մասնակցել է Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին։
Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարարը նշեց, որ իր ունեցած համապատասխան տեղեկությունները փոխանցել է Ապրիլյան քննիչ հանձնաժողովին:
Անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ ունեցած հանդիպմանը`Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ իր գործունեության ամբողջ ընթացքում ԱԺ կատարած իր այցելությունների ժամանակ հանդիպել է ԱԺ նախագահներին. «Որպես քաղաքավարության նորմ` այցելեցի Արարատ Միրզոյանին»:
Լրագրողի այն հարցին, թե ինչպիսի բնույթ են կրում իր և նոր իշխանությունների միջև հարաբերությունները, Օհանյանը պատասխանեց. «Ինչպե՞ս կարող է հայը հայի հետ նորմալ հարաբերություններ չունենալ»: Որպես նոր իշխանությունների հետ համագործակցության օրինակ, ՀՀ պաշտպանության նախկին նախարարը մատնանշեց Ապրիլյան քննիչ հանձնաժողովը:
Զինված ուժերի օրվան նվիրված միջոցառումները տեղի ունեցան Երևանից դուրս՝ Վարդենիսում, որոնց ներկա էր նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Խոսելով միջոցառմանն իր ներկայության մասին`Օհանյանը նշեց. «ՊՆ նախարարը՝ որպես ինձ գործընկեր, հրավիրել էր, ես էլ գնացել էի մասնակցելու»: Այնուհետև հավելեց, որ ինքը միշտ ներկա է գտնվել բանակի օրվան նվիրված միջոցառումներին: