Խորհրդարանական ճեպազրույցները մեկնարկել են. «Բարգավաճ Հայաստան», «Իմ քայլը», «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ:
Անդրադառնալով Հրայր Թովմասյանի հարցազրույցին`«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ հստակ պետք է տարանջատել անձերին ՍԴ ինստիտուտից. «Ինձ` որպես ԱԺ պատգամավորի, ՍԴ ադամը հետաքրքրում է միայն անաչառության տեսանկյունից, և այդ անձը չի ենթարկվում որևէ արտաքին ազդեցության: ՍԴ-ն՝ որպես ինստիտուտ, 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո չի գործում: ՍԴ-ում այսօր գործում են երկու տարբեր ռեժիմներ դատավորների համար: Այն անցումային դրույթները, որոնք պետք է ապահովեին լիարժեք անցում սահմանադրական նախկին ռեժիմից ներկայիս ռեժիմին, թերի են»:
Իր հերթին, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն ընդգծեց. «Եթե հետևեք Հրայր Թովմասյանի հայտարարություններին, Հրայր Թովմասյանի բոլոր հայտարարությունները տեղավորվում են քաղաքական ընդդիմախոսի կոնտեքստի մեջ: ՍԴ նախագահը այսօր հանդես է գալիս քաղաքական ընդդիմախոսի դիրքերից»:
Լիլիթ Մակունցը հավելեց, որ երեկվա հարցազրույցում ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը հնարավորինս զերծ էր մնում քաղաքական գնահատականներ հնչեցնելուց, բայց, այնուամենայնիվ, ամբողջովին զերծ մնալ նրան չհաջողվեց. «ՍԴ նախագահի պարտականությունները կատարողը խոսում է Արցախի հիմնախնդրից. սա ի՞ նչ է, եթե ոչ քաղաքական խոսք»: