Այսօր Աժ արտահերթ նստում քննարկվում է Սահմանադրական դատարանի և դատավորների հարցը: Հիշեցնենք, որ այս օրինագիծը ԱԺ բերել է իշխող խմբակցությունը: Եվ այս օրինագծի վրա աշխատել է մոտ հիսուն պատգամավոր:
Սահմանադրական դատարանի նախագահին և դատավորներին փոխարինելու օրենքի նախագիծը առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը քննարկելու ժամանակ ելույթ ունեցավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։
«ՍԴ-ի գործունեության ձախողված լինելու ամրագրումը՝ դա 2018 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխությունն էր։ Հեղափոխության փաստը ինքնին ՍԴ-ի նախորդած գործունեության լիակատար ձախողման ամրապնդումն է։ Այս տարվա փետրվարի 6-ի նիստում, որպես ՍԴ ճգնաժամի լուծում մենք ընդունեցինք Սահմանադրության փոփոխությունների 213 հոդվածում փոփոխությունների նախագիծը, որը դրեցինք հանրաքվեի, հանրաքվեն նշանակվեց ապրիլի 5-ին, սակայն աշխարհին պատահած կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն, որը շարունակվում է մինչ այսօր։ 166-րդ հոդվածի համաձայն՝ ՍԴ դատավոր ընտրվում է 12 տարի ժամկետով, և նույն անձը ՍԴ դատավոր կարող է ընտրվել միայն մեկ անգամ։ Ըստ այդմ, 213 հոդվածի նոր խմբագրությամբ առաջարկվում է դադարեցնել ՍԴ այն անդամ դատավորների լիազորությունը, որոնք արդեն իսկ ընդհանուր տևողության 12 տարուց ավելի են պաշտոնավարում։
ՍԴ այն դատավորները, ովքեր ընդհանուր տևողությամբ 12 տարվանից պակաս են պաշտոնավարել, կպաշտոնավարեն մինչև 12 տարին լրանալը։ Այսպիսով, ՍԴ բոլոր դատավորների կարգավիճակը կհավասարեցվի։ Սահմանադրության 213 հոդվածի փոփոխությունների ուժի մեջ մտնելու պահից ՍԴ նախագահի պաշտոնավարումը նույնպես կդադարեցվի, ՍԴ նոր նախագահի ընտրությունը կանցկացվի այս փոփոխության արդյունքում առաջացող թափուր տեղերի համալրումից հետո։ ՍԴ նախագահ կընտրվի 6 տարի ժամկետով. այսպիսով մենք լուծում ենք նաև այն խնդիրը, որ թափուր տեղերում ընտրած դատավորներն իրենք նույնպես հնարավորություն ունենան ընտրվել ՍԴ նախագահի պաշտոնում»,- ասաց Հովակիմյանը: