տուն Քաղաքական Վերլուծական ՍԴ-ի վճռի օրը կարող է դառնալ մայդանի սկզբնակետ

ՍԴ-ի վճռի օրը կարող է դառնալ մայդանի սկզբնակետ

278
0

ph138779652015

Վերջին ամիսների և հատկապես վերջին օրերի իրադարձությունները ցույց են տալիս, որ հանրային լայն մոբիլիզացիա հնարավոր է դառնում ապահովել, երբ հարցը վերաբերվում է ՀՀ ինքնիշխանությանը: Երեկվա դեպքերը ևս դրա վկայությունն էին, երբ ԱԺ-ի ներսը և դուրսը գործում էին ներդաշնակ և փոխլրացնում էին միմյանց: Հանրության մոբիլիզացիան և փողոցային պայքարը լրացուցիչ հենարան էր հանդիսանում քաղաքական ուժերի համար ԱԺ-ի պատերից ներս, իսկ ներսում կատարվողը առանձնակի ոգևորություն էր առաջացնում ԱԺ դարպասներից դուրս:

Այս գործընթացի բոլոր օղակները գրեթե աշխատեցին անթերի: Հանրային մոբիլիզացիան, հանրության մեջ այս օրինագծի հակապետական լինելու փաստի տարածումը, լրագրողների ակցիան, դրա արդյունքում ընդմիջում վերցնելը և պատգամավորների քարտերը հավաքելը, այնուհետեւ հաշվիչ հանձնաժողովի աշխատանքին չմասնակցելը հանգեցրեցին մի կետի, որի արդյունքում հաստատված համաձայնագիրը իրավաբանորեն խոցելի է: Ընդ որում խոցելի է ոչ միայն ներկայումս  ներհայաստանյան դատական համակարգում, այլև հետագայում նոր վարչակազմի կողմից այն չեղյալ համարելու նախաձեռնության պարագայում:

Այս տեսանկյունից գործընթացի տրամաբանական շարունակությունն էր Սահմանադրական դատարան դիմելը, և այդ տրամաբանությունը ոչ թե կապված է ՍԴ-ի արդարադատություն իրականացնելու գործառույթի հետ, այլ այն իրավիճակի, որը հնարավոր է ստեղծել մինչև Սահմանադրական դատարանի վճռի օրը: Սահմանադրական դատարանի թե՛ դրական և թե՛ բացասական վճռի դեպքում, հանրությունը և քաղաքական ուժերը կոնկրետ գործընթաց նախաձեռնելու, նախագծելու և իրականացնելու խնդիր ունեն: Եթե Սահմանադրական դատարանը քվեարկության մասին տալիս է բացասական եզրակացություն, ապա հավանաբար վարչախումբը կնախաձեռնի նոր քվեարկություն: Այս դեպքում հանրությունը և քաղաքական ուժերը պետք է նախապատրաստվեն «օրինական քվեարկություն» օպերացիան կանխելուն:

Երկրորդ դեպքում, եթե Սահմանադրական դատարանը ոչ մի «վիճարկելի փաստ չգտնի», ապա հանրությունը պետք է պայքարի՝ տարատեսակ միջոցներով հասնել պայմանագրի առ ոչինչ ճանաչմանը: Այս դեպքում առկա է երկու տարբերակ: Դնել ՀՀ ինքնիշխանության հարցը, դրանից բխող պայմանագրի չեղյալ համարման խնդիրը և պայքարը տանել այդ ուղղությամբ՝ ընթացքից ելնելով նաև փոփոխել պահանջները և դնել վարչախմբի հեռացման խնդիր: Երկրորդ տարբերակի դեպքում դնել վարչախմբի հեռացման հարցը՝ անցնել իշխանափոխության ռեժիմի: Սակայն այս դեպքում իշխանափոխության ձգտող ուժը պետք է կարողանա հանրությանը ներկայացնել հստակ երաշխիքներ, որ իշխանության գալուց հետո այս և ՀՀ ինքնիշխանությանը սպառնացող այլ համաձայնագրերը, պայմանագրերը պետք է ճանաչվեն առ ոչինչ:

Այսպիսով Սահմանադրական դատարան դիմելը և հայցի քննությունը ստեղծում են կազմակերպման, ինքնակազմակերպման համար նպաստավոր պայմաններ և ժամանակահատված, իսկ այդ դեպքում վճռի օրը հնարավոր է վերածել էքստրեմումի կետի՝ նոր գործընթաց սկսելու համար: Այսպիսով մինչև Սահմանադրական դատարանի վճիռը իրավիճակը նախամայդանային է, իսկ վճռի օրը կարող է դառնալ մայդանի սկզբնակետ:

Սևակ Մամյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here