«ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 20 տոկոսի վաճառքի համաձայնագիրը ԱԺ-ում բուռն արձագանքների տեղիք տվեց: Ընդդիմադիր կուսակցությունները բոյկոտեցին քվեարկությունը: Նիստից հետո ԱԺ չորս խմբակցություններըˋ ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ և «Ժառանգությունը» միասնական հայտարարությամբ հանդես եկան և տեղեկացրին, որ դիմելու են Սահմանադրական դատարան:
Մի քանի օր առաջ Սահմանդրական դատարանը մերժել էր ընդդիմադիր կուսակցությունների ներկայացրած մեկ այլ դիմում: Այս համատեքստում AraratNews.am-ը փորձեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանից տեղեկանալ, արդյո՞ք նպատակային է նորից դիմել Սահմանադրական դատարան և արդյո՞ք ՍԴ-ն նորից չի մերժի իրենց դիմումը.« Դեռ վաղ է դրա մասին խոսել, կգա ժամանակը՝ բարին էլ հետը: Իհարկե մեծ հույսեր ես անձամբ չունեմˋ ՍԴ -ի հետ կապված , բայց «чем черт не шутит»»,- ասաց պատգամավորը:
Վահան Բաբայանը չցանկացավ անդրադառնալ Պարույր Հայրիկյանի մեկնաբանությանը, որը վերաբերում էր ԱԺ չորս կուսակցությունների միասնականությանը, ինչի մասին Հայրիկյանը ծաղրանքով էր խոսել: Իսկ ինչ վերաբերում է քաղաքացիական հասարակության և կուսակցությունների համագործակցությանը, պատգամավորի կարծիքով, ակնհայտ է, որ քաղաքացիական հասարակությունը պատրաստակամություն է հայտնում քաղաքական ուժերի հետ համագործակցել: