Եթե ՍԴ-ն մերժի, այսինքն՝ դատավորները փակ-գաղտնի քվեարկությամբ դեմ քվեարկեն, ԱԺ դիմումը մերժեն, հետո պետք է պատճառաբանված հիմնավորում գրեն և հրապարակեն, թե ինչու են իրենք համարում, որ պետք է մերժվեր: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Սա առաջին սահմանադրական պրոցեսն է, որ արվում է, և որին մենք կողմ ենք: Կան կարգապահական խախտման հիմքեր, եթե ՍԴ-ն գտնի, որ չկան այդ հիմքերը, այլ մեխանիզմ՝ այդ հիմքերը առաջ մղելու, չկա: Այսինքն՝ կա որոշում, որի հետ պետք է հաշվի նստել. կարող է լինի որոշում, որ դադարեցվի, կարող է լինի որոշում, որ չի դադարեցվում: Երկու որոշման հետ էլ մենք պետք է հաշվի նստենք»,- հայտարարեց Մարուքյանը:
Հարցին՝ կպաշտպանե՞ն ՍԴ-ին քրեաիրավական գնահատական տալու Արման Բաբաջանյանի նախաձեռնությունը, նա պատասխանեց, որ քրեաիրավական գնահատականի տեղ չի տեսնում, ըստ նրա՝ եթե լիներ նման բան, «Իմ քայլը» դաշինքը ներկայացրած կլիներ:
«Եթե Գագիկ Հարությունյանը շուտ է հրաժարական տվել, Հրայր Թովմասյանը շուտ է առաջադրվել, ո՞ր հոդվածով հետապնդվի: Կարող է շատ պոպուլյար բան է ասելը, որ բոլորին պետք է կախել կամ գնդակահարել, բայց պետք է նաև հաշվի առնել մեր ունեցած հնարավորությունները: Այն, որ ՍԴ-ի այդ խնդիրը դարձվել է իդեաֆիքս, հայոց հարց, շատ սխալ է, որովհետև եթե մի հարց դու դարձնում ես «հայոց հարցը», հետո գնում ես ու չես կարողանում լուծել, դա հետևանքներ է ունենալու քեզ համար»,- ընդգծեց Մարուքյանը: