տուն Քաղաքական ՍԴ դատավորներին պատվավոր հեռանալու հնարավորություն են տալիս

ՍԴ դատավորներին պատվավոր հեռանալու հնարավորություն են տալիս

158
0
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով ՍԴ դատավորներին հնարավորություն կտրվի վաղաժամ կենսաթոշակի անցնել՝ պահպանելով սոցիալական երաշխիքները:
Նախագիծը ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ նշելով, որ նախագիծը հեղինակել են՝ ուսումնասիրելով միջազգային փորձը։
««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է 85-րդ հոդվածը լրացնել նոր մասերով. էությունն այն է, որ Սահմանադրական դատարանի անդամ նշանակված և մինչ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ՍԴ դատավորի կարգավիճակում իր պաշտոնավարումը շարունակած ՍԴ դատավորի կողմից մինչև 2020 թ․ հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում նրա լիազորությունները դադարեցնելուց հետո մինչև իր համար Սահմանադրությամբ նախատեսված պաշտոնավարման տարիքը լրանալը ստանում է կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի և հավելավճարի չափով: Սա ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու հերթական նախաձեռնությունն է կառավարության կողմից: Մեր առաջարկած կարգավորումները Վենետիկի հանձնաժողով է ուղարկվել, ստացվել է իրավական գնահատական։ Ուղարկվել է Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու փաթեթի շրջանակում. որից հետո մենք որոշել ենք, որ վաղ կենսաթոշակի հատվածը պետք է առանձին օրենսդրական նախաձեռնությամբ բերենք ԱԺ: Միջազգային փորձը կրկին ուսումնասիրվել է»,- նշեց նախարարը:
Նախարարի խոսքով՝ հաշվի է առնվել հատկապես Ռուսաստանի և Վրաստանի մոտեցումները․ «Դուք տեսաք, որ Ռուսաստանի Դաշնությունում կա «պատվավոր հեռանալ» տերմինը, որը մենք էլ ենք դնում՝ հանրության ցածր վստահության մակարդակը դատական համակարգի նկատմամբ լուծելու համար, անձանց վիրավորելու կամ ձերբազատվելու խնդիր չենք դնում, այլ պատվավոր հեռանալու ինստիտուտն ենք դնում»: