տուն Հասարակություն Սա վատ գործելաոճ է, ամիսներ առաջ ասել շնորհակալություն ընդառաջելու համար, էսօր ասել՝...

Սա վատ գործելաոճ է, ամիսներ առաջ ասել շնորհակալություն ընդառաջելու համար, էսօր ասել՝ ուզում եք ռադիոներ փակեք

181
0

Քիչ առաջ նայեցի Շուշանիկ Արեւշատյանի (Ռադիո Վանի տնօրեն) տեսաուղերձը (հղումը մեկնաբանություններում), որտեղ նա շատ վրդովված խոսում էր ռադիոներում ու հեռուստատեսությունում տարաբնույթ գովազդների սահմանափակման նախաձեռնությունների մասին, եւ իր խոսքում ակնարկում, որ նմանատիպ քայլերով իշխանությունը փորձում է հասնել նրան, որ հեռուստատեսություններ ու ռադիոներ փակվեն: Այս մասին գրել է ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում:

«Հետաքրքիրն այն է, որ այդ համատեքստում նա խոսում է նաեւ իմ նախաձեռնության մասին, ըստ որի՝ բուքմեյքերական ընկերությունների գովազդը որոշակիորեն սահմանափակվեց:

Նա իր տեսաուղերձում ասում է, որ եղավ առաջարկ, եւ նրանք մի կերպ համաձայնվեցին դրան, բայց այստեղ կա մի ԲԱՅՑ, այդ նույն քննարկումների ժամանակ էր, որ նրանք ինձ նկարագրեցին ռադիոների ներկայիս վիճակը եւ, որ եթե այդ ընկերությունները (բուքմեյքերական) ռադիոներում գովազդ չկարողանան տեղադրել, որոշ ռադիոընկերություններ կփակվեն (ըստ իրենց): Ես ընդառաջեցի, եւ այսօր, ի տարբերություն հեռուստատեսությունների, ռադիոներում թույլատրվում է կեսօրին կամ երեկոյան տեղադրել բուքմեյքերական ընկերության գովազդ, ինչին ես համաձայն չեմ եղել, բայց իրենց հետ քննարկումների արդյունքում գնացել եմ փոխզիջման եւ ընդունել իրենց առաջարկը:

Հիմա դա ներկայացվում է այնպես, որ իրենք մի կերպ համաձայնվել են դրան, եւ որ մեր իշխանությունը ուզում է ռադիոներ կամ հեռուստատեսություններ փակել:
Ասեմ նաեւ, որ քննարկումների ավարտին ռադիոների ներկայացուցիչները մի քանի անգամ ինձ շնորհակալություն հայտնեցին այս հարցի վերաբերյալ քննարկումներ կազմակերպելու եւ իրենց կարծիքը հաշվի առնելու, ինչպես նաեւ իրենց առաջարկն ընդունելու համար:

Հիմա էլ, երբ նոր նախաձեռնություն կա իմ գործընկերներից մեկի կողմից, ըստ որի՝ կարգավորումներ պետք է լինեն ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ գովազդում, տիկին Արեւշատյանը վրդովված խոսում է այդ նախաձեռնության մասին եւ, մոռանալով, որ ես իմ նախաձեռնության ժամանակ ընդունել եմ իրենց առաջարկները, որպեսզի ռադիոները էապես մեծ վնաս չկրեն եւ չգնան փակման (ինչպես իրենք էին դա ներկայացնում), ասում է, որ մենք ուզում ենք, որ ռադիոներ կամ հեռուստատեսություններ փակվեն:
Սա շատ վատ գործելաոճ է, ամիսներ առաջ ասել շնորհակալություն ընդառաջելու համար, էսօր ասել՝ ուզում եք Ռադիոներ փակեք:

Խոսում եք սպորտի խթանումի՞ց: Վարկային կազմակերպության փոխարեն սպորտային/ֆիթնես ակումբի գովազդ դրեք ձեր եթերում: Թե՞ վարկային կազմակերպություններն ու բուքմեյքերական ընկերությունները հարուստ ընկերություններ են, եւ նրանք կարող են գին թելադրել եւ մնացածին հանել գովազդային շուկայից:
Ի դեպ, տիկին Արեւշատյանը իր տեսաուղերձում շատ կոնկրետ ու հստակ ասում է, որ բուքմեյքերների գովազդի սահմանափակումից հետո խաղացողների թիվը ոչ միայն չի նվազել, այլ հակառակը՝ ավելացել է:

Հետաքրքիր է՝ այդ ինչ ինֆորմացիայի է տիրապետում նա: Կխնդրեմ նրան, որ եթե դա պաշտոնական վիճակագրություն է, թող հրապարակի, որ բոլորը տեղեկանան: Եթե պաշտոնական չէ, այլ իր ենթադրություններն է անում, ապա թող ասի, որ դա ենթադրություն է, որպեսզի դրանով մարդկանց ապատեղեկատվություն չհաղորդի»,- գրել է Հակոբյանը: