Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վստահ է, որ Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինա և ներկայում ընթանում է չհայտարարված պատերազմ։
«Հիմա ես ուզում եմ իմ փորձով կիսվել Կիևում իմ եղբայրների և քույրերի հետ, քանի որ վրացիները դրա մասին լավ գիտեն․ հարյուրավոր ռուսաստանյան զրահամեքենաներ, հետևակային մեքենաներ և «Գռադ» համակարգեր հատում են միջազգային սահմանը և գրոհում քաղաքներն ու գյուղերը։ Իսկ աշխարհը քաջություն չի դրսևորում դա ներխուժում անվանել», — գրել է Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում։
Նա նշում է, որ Ուկրաինայի արևելքում տեղի ունեցողը չի կարելի անվանել ահաբեկչական ակտ, անջատողականների հետ պայքար կամ «ռուսաստանյան հակահարված»։ Սաակաշվիլու կարծիքով սա ներխուժում է և պատերազմ՝ կոչ անելով համաշխարհային հանրությանը իրերն իրենց անուններով անվանել։ «Ուկրաինայի, Վրաստանի և Ռուսաստանի բոլոր հարևանների ճակատագիրը վտանգված է Դոնեցկում, Լուգանսկում և Մարիուպոլում։ Կեցցե՛ Ուկրաինան», — ասել է Սաակաշվիլին։