ԱԺ արտահերթ նիստի ժամանակ վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով Հայաստանում տիրող կորոնավիրուսային իրավիճակին, մասնավորապես նշեց.
«Ինչպես մյուս հարցերի լուծումը, այնպես էլ այս հարցի լուծումը մենք տեսնում ենք կառավարության և ժողովրդի զանգվածային համագործակցության մեջ: Այսինքն՝ կառավարության և ժողովրդի մեջ պետք է տեղի ունենա երկխոսություն և մենք պետք է բոլորով գնահատենք իրավիճակի լրջությունը և արձանագրենք, որ մեզնից յուրաքանչյուրի անհատական վարքից է կախված այս իրավիճակի հետագա զարգացումը: Եվ ես կարծում եմ, որ, այո, Հայաստանում պետք է սկսվի հակահամաճարակային շարժում և, եթե ֆորմալ նորից ինչ-որ զրոյական կետ պետք է սկսել, ֆիքսել, ես կարծում եմ, որ այսօրվա մեր հանդիպումը կարող է լինել այդ սիմվոլիկ զրոյական կետը, որով մենք կարձանագրենք, որով մեզանից յուրաքանչյուրը, ես ինքս պարտավորվում եմ որպես նախկինում այդ կանոններն ըստ ամենայնի պատշաճ չպաշտպանած մարդ, որի ապացույցն այն է, որ ես ինքս վարակվեցի կորոնավիրուսով և հաղթահարեցի, ես ինքս այս ամբիոնից պարտավորվում եմ անձամբ, ճշգրտորեն, անվերապահ ճշգրտությամբ պահպանել հաստատված բոլոր կանոններն առանց բացառության և կոչ եմ անում նաև ՀՀ բոլոր քաղաքացիներին հետևել այս օրինակին, մեզ պետք է, որ այդ նույն կանոնով ամենօրյա ռեժիմով առաջնորդվեն ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիներ, այդ հարյուր հազարավոր քաղաքացիները ձևավորեն այնպիսի միջավայր, որ էդ կանոնների չպահպանելը լինի պարզապես ամոթ, լինի հանրային իմաստով մեկուսացման վկայություն, և էլի ուզում եմ ընդգծել, որ հարյուր հազարավոր մարդկային բազմությունը ձևավորված է և ձևավորվում է մեկ մարդուց, մեկ մարդկանց հանրագումարից, և էլի էս դեպքում էլ պետք է ուղիղ ասեմ՝ ես չունեմ այլ պատկերացում այս խնդրի լուծման, քան այն բանաձևը, որով առաջնորդվել եմ իմ քաղաքական գործունեության ողջ ընացքում: Եվ այդ բանաձևն ունի շատ պարզ թվաբանական արտահայտություն. 1+1+1+1…և այդպես հարյուր հազարներ, և այդպես հարյուր հազարավոր մարդիկ… Եվ, ուրեմն, սիրելի հայրենակիցներ, ես կոչ եմ անում, խնդրում եմ, որ մենք գնահատենք այս պահը, գնահատենք պահի լրջությունը և հասկանանք, որ սա մի շաբաթվա խնդիր չէ, սա նույնիսկ մեկ տարվա խնդիր չէ: Եվ, հետևաբար, մենք խնդիր ունենք հարմարվել նոր իրողություններին, հարմարվել նոր աշխարհին և էդ նոր աշխարհում որպես հանրություն, որպես պետություն, որպես ժողովուրդ ունենք անհարաժեշտություն ապացուցել մեր կենսունակությունը»: