Երեկվանից լրատվականներն ու սոցցանցերը հեղեղված են Զորի Բալայանիˋ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հասցեագրված նամակի շուրջ տարաբնույթ մեկնաբանություններով: Հիշեցնենք` հայ գրող, հրապարակախոս Զ. Բալայանը լայնածավալ նամակ է հասցեագրել ՌԴ նախագահին: Եղան քննադատություններ, թե նամակը պատվիրված է, եւ պատվիրել են ՀՀ իշխանությունները, միտումնավոր ընտրվել է Զ. Բալայանը` որպես Արցախում ծնված քաղաքացի: Ինչ կարծիք ունի այս ամենի վերաբերյալ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, պարզել է Araratnews.am-ի թղթակիցը: Խառատյանի համոզմամբ նամակն եղել է պատվիրված, իսկ մեր թղթակցի այն հարցին, թե ինչու հենց Զ.Բալայանի միջոցով, ազգագրագետը պատասխանել է.«Կարծում եմ, որ Զորի Բալայնն այն քչերից էր, որը կհամաձայներ այդպիսի հոդված տպագրել։ Նա ասում է, որ այս հայրենիքը մերը չի, այս հայրենիքը ձերն է, ինչո՞ւ եք մի կողմ կանգնել, նա մեզ զրկում է մեր հայրենիքից, Զորի Բալայանը զարմանում է, որ 200 տարի առաջ մենք սկուտեղով ձեզ մատուցվեցինք, դարձանք Ռուսասատան, հիմա ինչու եք մեզ Հայաստան համարում, ինչու եք մեզ Ղարաբաղ համարում»: Ինչպես և շատ փորձագետներ ու այլ մասնագետներ, ազգագրագետը ևս կարծում է, որ Զորի Բալայանի նամակը վիրավորանք է Հայաստանի և Ղարաբաղի ամբողջ բնակչությանը: «Զորի Բալայանի հայրենիքը Ռուսաստանն է, ինչ գործ ունի նա մեր հայրենիքի հետ»,- նշել է Խառատյանը: Մեր թղթակցի այն հարցին, թե Բալայանի նամակն՝ ուղղած Պուտինին, ինչքանո՞վ կապ ունի ՄՄ անդամակցելու որոշման հետ, ազգագրագետը պատասխանել է, որ դրանց միջև կապը շատ անմիջական է. «Այս նամակը չէր կարող լինել, քանի դեռ Հայաստանը քննարկում էր Եվրամիությանն ասոցացվելու ծրագիրը, և կարծում եմ, որ սա ՄՄ ջատագովների կազմակերպած՝ մեր երկրի ճակատագրի հավաքական ընկալումն է , իսկ հաջորդ քայլը, կլինի այն, որ Պուտինը կգա Հայաստան և կասիˋ տղաներ, էս ինչո՞ւ եք այս օրին հասել, տղաներ, բա մենք ձեր թիկունքին կանգնած ենք, ու այստեղ սիրով կքվեարկեն ՄՄ անդամակցելու «լուսավոր» որոշման համար:
Araratnews.am-ի թղթակցի այն հարցին, թե հնարավո՞ր է, որ պետական մակարդակով որևէ դիտարկում լինի առաջիկայում՝ Զորի Բալայանի նամակի հետ կապված, ազգագրագետը պատասխանել է.«Սա հենց Զորի Բալայանի և պետական մակարդակի համատեղ նամակ է»:
Էմմա Պալյան