Դեռ ԽՍՀՄ տարիներին Հայաստանը, Կոտայքի մարզը՝ մասնավորապես, հարուստ ավանդույթներ ուներ ադամանդագործության ոլորտում: Մասնագիտական, արտադրական ներուժով և ցուցանիշով մեր երկիրը առաջատարներից էր միութենական երկրների շարքում: Ուրախալի է, որ հետհեղափոխական շրջափուլում ևս ադամանդագործության ոլորտում նկատելի ակտիվություն է արձանագրվել: Եվ ահա այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում տեղի ունեցավ «Էյ Դի Էմ Դայմոնդս» ադամանդի գործարանի պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գործարանի հիմնադիրներն են Արտակ և Արմեն Բաղիկյանները, ընկերության գլխավոր գործընկերները Հնդկաստանից են։
2017 թվականից գործող «Էյ Դի Էմ Դայմոնդս» ընկերությունը միակն է, որ աշխատում է սեփական հումքով: Ընկերությունը կիրառում է Հնդկաստանի փորձը, որը թույլ է տալիս ադամանդի նիստավորման գործընթացը, որն ադամանդին տալիս է վերջնական տեսք, իրականացնել ցանկացած հեռավորության վրա գտնվող տարբեր վայրերում:
Ողջունելով ներկաներին՝ Արտակ Բաղիկյանը բարձր գնահատեց մեր երկրում առկա տնտեսական նախադրյալներն ու ներդրումային միջավայրը, ինչի արդյունքում հնարավոր եղավ ընդլայնել 2017 թ. գործունեություն ծավալող ընկերության ծրագրերը: «Էյ Դի Էմ Դայմոնդս»-ն այս պահին ունի շուրջ 100 աշխատակից, սակայն միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում մտադիր է աշխատողների քանակը հասցնել 700-ի: Ավելին, նպատակ կա մասնաճյուղեր հիմնել ՀՀ մարզերում, արդեն նախնական պայմանավորվածություն կա Տավուշի մարզի հետ:
Վարչապետ Փաշինյանը շրջայց կատարեց նորաբաց գործարանի տարածքում, եղավ արտադրամասերում, ծանոթացավ աշխատանքային ու արտադրական բարձրորակ պայմաններին:
Միջոցառմանը մասնակցում էին բազմաթիվ քաղաքական, հասարակական գործիչներ, գործարարներ։ «Տավուշի մարզպետի հետ զրուցեցինք և նախնական համաձայնության եկանք: Ասեմ, որ սա դեռ սկիզբն է, և մեր ընկերությունը շուտով էական առաջընթաց կունենա: Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել մեր երկրի իշխանություններին, վարչապետին՝ մեր գործունեությանը ամեն կերպ սատարելու համար»,- Araratnews.am-ի հետ զրույցում նշեց «Էյ Դի Էմ Դայմոնդս» ընկերության համահիմնադիր Արտակ Բաղիկյանը:
Ադամանդի գործարանի բացման առթիվ դրական ակնկալիքներ ունի նաև «Սիլ կոնցեռն» ընկերության հիմնադիր նախագահ Խաչատուր Սուքիասյանը: Նա ևս կարևորում է իշխանությունների վարած քաղաքականությունը՝ խրախուսել տեղի արտադրողին:
«Այս գործարանի հարևանությամբ գտնվող շենքում «Սիրիուս» ադամանդի գործարանն էր, որտեղ երկար տարիներ աշխատել եմ: ԽՍՀՄ փլուզումից հետո գործարանն ուղղակի թալանեցին: Այժմ, բարեբախտաբար, երկրի իշխանությունները նպաստավոր պայմաններ են ստեղծել»,- նշեց Խաչատուր Սուքիասյանը: Գործարարը վստահեցրեց, որ «Էյ Դի Էմ Դայմոնդս» ադամանդի գործարանում աշխատանքային պայմանները արտակարգ են, աշխատողները շատ են կարևորվում, սահմանված են բարձր չափանիշներ:
Ընդհանուր ծրագրի իրականացման համար կատարվել է շուրջ 3,5 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: Պլանավորվում է 2020 թ. արտահանման ծավալները հասցնել մինչեւ 100 մլն ԱՄՆ դոլարի, որի համար կան բոլոր նախադրյալները:
Կոտայքի մարզպետ Ռոման Պետրոսյանն էլ մեզ հետ զրույցում ուրախությամբ փաստեց, որ ադամանդագործությունը երկրորդ շնչառությունն է ապրում, և որ մարզի, ինչպեսև ամբողջ հանրապետության համար Աբովյանի ադամանդի գործարանի բացումը նշանակալի ու կարևոր է:
«Ադամանդագործության զարգացումը մեր մարզի տնտեսական չորս ուղղություններից մեկն է: Մենք ձգտում ենք իսկապես կյանքի կոչել այդ հավակնոտ ծրագիրը: Ավելին, սա կարող է ցատկահարթակ լինել մյուսների համար, քանի որ ընկերությունը ծրագրել է մասնաճյուղեր բացել Հայաստանի տարբեր մարզերում»,-նշեց Կոտայքի մարզպետը:
«Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանն էլ գործարանի բացումն այլ տեսանկյունից կարևորեց.
«Կարծում եմ, ցանկացած ոլորտ, այդ թվում՝ ադամանդագործությունը, չի կարող զարգանալ առանց տեղեկատվական տեխնոլոգիաների: Այս իմաստով ադամանդի գործարանի բացումը կներգրավի նաև ՏՏ ոլորտը՝ ստեղծելով փոխգործակցության հիանալի առիթ»:
Ի դեպ, «Էյ Դի Էմ Դայմոնդս»-ի սոցիալական ծրագրերի մասին. ընկերության հիմնադիրները մտադիր են արտադրամասերում ներգրավել նաև հաշմանդամության խնդիր ունեցող քաղաքացիների: Բացի այդ, Ծառուկյան ընտանիքի հետ իրականացվող համատեղ ծրագրով նախատեսվում է աշխատակիցներին մատչելի գներով տրամադրել բնակարաններ գործարանից ոչ հեռու գտնվող նորակառույց թաղամասում: Դա իրականացվում է նաև ներգաղթը խթանելու համար: