տուն Հասարակություն Իրավական Սարի թաղում դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրգործն ուղարկվել է դատարան

Սարի թաղում դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրգործն ուղարկվել է դատարան

211
0

 ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Սարի թաղում տեղի ունեցած դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

«2020 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, 47-ամյա տղամարդը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է Երևան քաղաքի Սարի-Թաղի 40-ամյա բնակչի հետ, որի ժամանակ ձեռքով հարվածել է վերջինիս դեմքի շրջանին, ինչից նա ընկել է մեքենաների թափոնների վրա, որից հետո իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին՝ առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 47-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով և որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: