Մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստը:
Իր ելույթում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը մասնավորապես նշեց.
««Իմ քայլը» խմբակցությունը կարևոր է համարում առանձնահատուկ անդրադառնալ ուրբաթ օրը տեղի ունեցած միջադեպին: Մենք արդեն դատապարտել ենք տեղի ունեցած միջադեպը: Դատապարտել ենք այն, որ «Իմ քայլը» խմբակցությունը տրվել է սադրանքի… Մենք իրավունք չունեինք մտնել այդ դաշտ, բայց միևնույն ժամանակ մենք դատապարտում ենք նաև մարդու արժանապատվությունը հետևողական կերպով ոտնահարելը: Ամիսներ շարունակ ոտնահարելը և կոնֆլիկտներ հրահրելը… Ես ուզում եմ հիշեցնել՝ ով էր այն պատգամավորը, ով 2019 թվականի հունվարի 16-ին` երդմնակալության արարողությունից երկու օր անց, կոնֆլիկտ հրահրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հետ, կոնֆլիկտ հրահրեց Աժ-ում՝ Էդմոն Մարուքյանը: Ես ուզում եմ ձեզ հիշեցնել և հարցնել. ով էր այն պատգամավորը, ով մոտ երկու շաբաթ առաջ այստեղ կանգնած ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանին անընդհատ, պարբերաբար ընդհատում էր և ի վերջո հնչեցրեց սպառնալիք. «Ձայնդ կտրիր, թե չէ քթիցդ արյուն է գալու»՝ Էդմոն Մարուքյանը… Ո՞վ էր այն պատգամավորը, որ պետք է հիշեցնեմ, որ սեռական բնույթի վիրավորանք հնչեցրեց Ալեն Սիմոնյանի հասցեին՝ ԱԺ փոխնախագահի հասցեին, Էդմոն Մարուքյանը… Եվ հիմա մենք ունենք իրավիճակ, երբ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի եղբայրը շարունակում է սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու մշակույթը մեկ այլ պատգամավորի մոր հասցեին… Էդմոն Մարուքյանը, ով հանդիսանում է խմբակցության ղեկավար, ով պնդում է, որ ինքը կրում է այն արժեքները, որոնք դեմ են բռնությանը, և պնդում է, որ հավատում է այդ արժեքներին. ես ուզում եմ հասկանալ՝ ինչպե՞ս կարող է բռնության արժեքներին հավատացող մարդը այն բանից հետո, երբ Սասուն Միքայելյանն իրեն ապտակել է, և դրանից հետո «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից հարգարժան պատգամավորներից մեկը Սասուն Միքայելյանին պահել էր, և որևէ կերպ նրան հնարավորություն չէին տվել գործողություններ անելու, Էդմոն Մարուքյանը, տեսնելով, որ ինքնապաշտպանվելու կարիք չունի, և Սասուն Միքայելյանը որևէ վտանգ չի ներկայացնում ոչ իր համար, ոչ կողքին գտնվող որևէ պատգամավորի համար, հարձակվում է և ոտքով հարվածում… «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը զոհ չէ, ինչպես իրենք փորձում են պնդել պարբերաբար: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, ի դեմս նաև իր ղեկավար Էդմոն Մարուքյանի, կոնֆլիկտին կողմ է, կոնֆլիկտը հրահրող կողմ է: Ինձ համար զարմանալի է, իհարկե, որ խմբակցության ղեկավարը կարող է կոնֆլիկտներ գեներացնողի դերում հանդես գալ»:
«Սասուն Միքայելյանը պատրաստ է մանդատը վայր դնել, եթե մանդատը վայր դնի նաև Էդմոն Մարուքյանը, ավելին՝ իրենց մանդատները պատրաստ են վայր դնել նաև պատգամավորներ Արտակ Մանուկյանը և Վահե Ղալումյանը՝ պայմանով, որ մանդատը վայր կդնեն նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Հրանտ Այվազյանը և Սարգիս Ալեքսանյանը»,- ընդգծեց Լիլիթ Մակունցը:
Մանրամասները՝ տեսանյութում: