Մեր վարչական օրենսգրքով ճանապարհային երթևեկության կանոննների խախտման համար նախկինում «հայեցողական էին» (այսինքն՝ կարելի էր մեկին 5 հազար տուգանել, մյուսին՝ 10 հազար՝ նույն խախտման համար), ինչը իր մեջ կոռուպցիոն ռիսկեր էր պարունակում, այդ պատճառով էլ տուգանքները հետագայում խստացվեցին: «Բայց մենք սապոնաջրի հետ միասին երեխային էլ դեն նետեցինք, որովհետև տարբերակում չենք դնում՝ մեքենան կարմիր լույսի տակ անցել է միտումնավոր՝ բոլորին ցույց տալու համար, որ ինքը կարող է դա անել ու տուգանքը վեջն էլ չի, թե՞ կարմիր լույսի տակ շրջադարձ է կատարել, որովհետև հղի կնոջն էր տեղափոխում: Կամ եթե հոծ գիծն է հատել, տարբերակում չկա՝ 5 սմ է հատել, թե ամբողջությամբ է հատել ու վթարային իրավիճակ ստեղծել»,- կառավարության նիստից հետո տեղի ունեցած ասուլիսին ասաց ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով երթևեկության կանոնների խախտման վերաբերյալ աշխատանքային խումբ ստեղծելու շարժառիթներին: Հիշեցնենք, որ նման խումբ ստեղծելու հանձնարարական էր տվել վարչապետը կառավարության այսօրվա նիստի սկզբում:
«Վարչապետի հանձնարարականը նա է, որ մենք այս դեպքերին պետք է անդրադառնանք: Բայց կա նաև երկրորդ խումբը՝ որքանով են համաչափ մեր մոտ նշանակվող տուգանքները: Պետք է դիտարկել, թե վարչական իրավախախտումների մասին օրենքում որ խախտումներն են, որ կարող են ընդհանրապես դուրս գալ (տուգանք չնշանակվի ու սահմանափակվենք ասենք, զգուշացմամբ՝ առաջին անգամվա համար) և որ դեպքերում է, որ իրոք պետք է խստացվի: Մեր վիճակագրությունը ցույց է տալիս, որ ՃՏՊ-ների մեջ զգալի տոկոս են կազմում այն դեպքերը, երբ վարորդը կամ ծխում է, կամ խոսում է հեռախոսով: Ակնհայտ է, որ այս դեպքերում տուգանքի չափը կբարձրացվի, որովհետև սրանք վթարների հիմնական պատճառներից են: Երեխաների մահվան ելքով վթարներ ենք ունեցել, որովհետև երեխան կամ նստած էր առջև նստատեղին, կամ մեքենան համապատասխան կահավորանք չուներ: Այս դեպքերում էլ չեմ բացառում, որ կբարձրացնենք տուգանքների չափը: Բայց մի շարք դեպքերում՝ հոծ գիծն է հատել, կանգառի անցման կետի նշանը 5սմ-ով է խախտել և այլն, պետք է քննարկենք, որ սրանց համար ընդհանրապես տուգանք չսահմանվի»,- հայտարարեց Հ. Թովմասյանը:
Նրա խոսքով՝ պետք է նաև ուսումնասիրել, թե արդյոք ճանապարհային երթևեկության նշանները բոլոր տեղերում արդարացի են դրված: «Որովհետև կան դեպքեր, երբ ինչ էլ ուզում է անես՝ չես կարող խախտում չանել»,- ասաց նախարարը: Որպես հնարավոր պատժամիջոցներ նախարարը նշեց նաև մեծահարուստներին հասարակական աշխատանքի ուղարկելը, որովհետև տուգանքը նրանց համար նշանակություն չունի: Նման բան կիրառվում է բազմաթիվ երկրներում:
Խոսելով տեսանկարահանող սարքերից՝ նա վիճակագրություն ներկայացրեց, որ դրանց արդյունքում բարելավվել է նաև հանցագործությունների բացահայտման աստիճանը: