Պուտինի այցին ընդառաջ քաղաքացիական ու քաղաքական որոշ շրջանակներ պատրաստվում են բողոքի ակցիաների: «Ֆեյսբուք»-ում արդեն ստեղծվել են մի շարք խմբեր` «Արժանապատիվ հայրենիք», «Ինքնիշխան Հայաստան», «Պուտինի ոտքը հայոց հողին չի լինի», «Ոչ Հայաստանի գաղութացմանը» և այլ անուններով, որոնք նախատեսում են Պուտինի այցից առաջ և հենց այցի օրը` դեկտեմբերի 2-ին, նախաձեռնել տարատեսակ բողոքի գործողություններ,-այս մասին գրում է yerkir.am-ը:
Այսպես` ֆեյսբուքյան «Արժանապատիվ հայրենիք» և «Ինքիշխան Հայաստան»խմբերը «Հայազն» կուսակցության հետ մեկտեղ դեկտեմբերի 2-ին Ազատության հրապարակում հավաք և երթ են անցկացնելու` Հյուսիսային պողոտա–Ամիրյան փողոց–Մաշտոցի պողոտա–Բաղրամյան պողոտա ուղղությամբ։
Ակտիվիստ, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը կոչ է արել դեկտեմբերի 2-ին իրականացնել«Սապոգենք Պուտինին» ակցիան` նրան դիմավորելով հնամաշ սապոգներով:
Կա նաև հետևյալ կոչը` «Դիմավորենք Պուտինին ծաղկավոր խալաթներով»:
«Ֆեյսբուք»-ում շրջանառվում է նաև կոչ` ուղղված լրագրողներին` Պուտինի հետ ասուլիսին նրան հարցեր ուղղել հայերենով: