Լոս Անջելեսում էլեկտրականության և սանտեխնիկայի սպասարկմամբ զբաղվող AAG Services ընկերության տնօրեն Խաչիկ Հայրապետյանը «Առաջին լրատվական»-ին պատմել է, թե ինչպես Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանն արդեն մեկ տարի է՝ չի վճարում ծառայությունների դիմաց 1400 դոլար կազմած գումարը։
«Շինարարական աշխատանքներ եմ կատարել, 3-4 տարի իրենց շենքը սպասարկել եմ: Ռուզաննա անունով աղջիկ կար, որ իրենց մենեջմենթն էր անում: Իր հետ ենք պայմանավորվել: Ինքը զանգահարում էր մեր գրասենյակ, մենք գնում էինք, և ինչ պետք էր՝ արվում էր: Վճարում էր ուշացումներով, հին վճարը նորի հետ խառնում էր: Դժվար էին վճարում: Վերջում 1400 դոլարի պարտք էր հավաքվել: Մեր գրասենյակից անընդհատ զանգում ենք Ռուզաննային, չի պատասխանում: Հետո պարզվեց՝ նա այլևս դրանով չի զբաղվում և մի տղայի անուն ու հեռախոսի համար է տվել: Այդ տղային զանգեցինք, ասացինք, որ պարտք կա չվճարած, ասաց՝ ես տեղյակ կպահեմ իրենց: Ես ինվոյսները էլփոստով ուղարկեցի այդ տղային, բայց պատասխան չկար: Դրանից մեկ շաբաթ անց նորից ենք իրեն զանգում մեր գրասենյակից, նորից ասում է, որ իրեն դեռ պատասխան չեն տվել, որ փոխանցի: Դրանից հետո ես զանգեցի և արդեն կոպիտ ձևով խոսեցի, ասաց՝ իմ ձեռքը բան չկա, ինձ ինչ ասում են, դա եմ ասում: Ասաց՝ ես ոչ մի բան չեմ կարող անել, ես իրենց տեղյակ եմ պահել, դե հիմա չեն վճարում: Նաև նշեց, որ շենքը վաճառել են։ Մեզ ունեցած պարտքը ընդամենը 1400 դոլար է, խնդիրը փողը չի, բայց մենք գործ ենք արել, չեն վճարել: Ամոթ է իրենց, որովհետև երևի իրենց նասկիներն արժեն 1400 դոլար՝ գողացված փողերով»,- պատմել է Խաչիկ Հայրապետյանը։
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում: